Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց նոր նախագահ և քարտուղար

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց նոր նախագահ և քարտուղար

2019 թվականին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում տեղի ունեցան Հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխություններ։ Խորհրդի նոր կազմում ընդգրկված են Պոլիտեխնիկի շրջանավարտներ, Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, կրթական ոլորտի մասնագետներ և ուսանողներ։

Խորհրդի միաձայն որոշմամբ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՄԷԷ 706 խմբի ուսանող Ալեքսանդր Դռնոյանը:

Ընտրություններից հետո, Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը հանդիպում ունեցով Գիտական խորհրդի կազմի հետ։ Հ. Մուսայելյանը խոսեց Խորհրդի առաջնահերթ ծրագրերի մասին, ներկայացրեց Պոլիտեխնիկի՝ հզոր տեխնոլոգիական համալսարանի իր տեսլականը: Նա նշեց, որ ցանկություն ունի ավելի հաճախ հանդիպել, քանի որ միայն այդպես կարելի է լուծել բուհի առջև ծառացած խնդիրները: Նշվեց, որ Պոլիտեխնիկը ի զորու է լինելու կենտրոնատեղ, որտեղ ուսուցումը կարելի է կազմակերպել և իրականացնել տեխնոլոգիական վերջին միջոցներով կահավորված լաբորատորիաներում: Մասնավորապես առանձին անդրադարձ տեղի ունեցավ ցանցային համալսարանին: Նշվեց, որ բոլոր քննարկումներում Պոլիտեխնիկը համարվել է գիտահետազոտական տեխնոլոգիական կրթության ելակետ և կենտրոնատեղի:

Հ. Մուսայելյանը անդրադարձ կատարեց նաև ակադեմիական ինստիտուտների և համալսարանական կրթության ինտեգրման հարցերին: Նա նշեց, որ երկշաբաթյա պարբերականությամբ ընդունելություն կունենա և ազատ է ցանկացածի հետ քննարկելու համալսարանի հետ կապված յուրաքանչյուր խնդիր:

Հ. Մուսայելյանը առանձին հանդիպում ունեցավ նաև ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում անդրադառնալով բուհի տված գիտելիքներին՝ Հ. Մուսայելյանը շեշտեց գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը, քանի որ գործատուներին հիմնականում չի բավարարում միայն ակադեմիական գիտելիքը, կամ այն, թե որ բուհն է ավարտել ուսանողը: Նա նշեց, որ այս առումով այսօր գործատուների մեծ մասը կարևորում է կիրառական գիտելիքները:

Հ. Մուսայելյանը խոսեց բուհ-մասնավոր ընկերություն համագործակցության մասին, օրինակ բերելով «Սինոփսիս-Արմենիա»-ի և Պոլիտեխնիկի համագործակցությունը: Նա անդրադարձ կատարեց դասախոսների վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի թարմացման խնդիրներին և, որ ամենակարևորն է, ներկայացրեց առկա խնդիրների լուծման իր տեսլականն ու որոշակի ուղիները:

Խոսվեց այն մասին, որ վատ է, երբ բուհի բյուջեն գոյանում է մեծ մասամբ վարձավճարներից: Նա նշեց, որ մեզանում պետք է կրթության մեջ ներդրումներ անելու մշակույթ ձևավորվի:

Դիմելով համալսարանի ուսանողներին՝ Հ. Մուսայելյանը հետաքրքրվեց ոլորտում առկա խնդիրներով:

Ուսանողները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Հոգաբարձուների խորհրդի նախագահը հանգամանորեն պատասխանեց՝ անդրադառնալով նաև բազմաթիվ խնդիրների՝ կիսելով իր մոտեցումներն ու տեսակետները ներկաների հետ:

Հանդիպման ավարտին Հ. Մուսայելյանը նշեց, որ այսուհետև, որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, կանի ամեն ինչ կրթական համակարգի զարգացմանը նպաստելու համար և խոստացավ, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:

Հ.Գ. Հոգաբարձուների խորհրդի գործունեության մասին կարող եք կարդալ Պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքում: