Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը Պոլիտեխնիկ-Սինոփսիս համագործակցության հուշագրի մասին

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը Պոլիտեխնիկ-Սինոփսիս համագործակցության հուշագրի մասին

«Սինոփսիս Արմենիա» ընկերության և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի միջև կնքված հուշագրով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում հիմք է դրվում ճարտարագիտական կրթության յուրատեսակ մի մոդելի, որը հաջողությամբ գործում է Պոլիտեխնիկի Երևանի կրթահամալիրում և կարևոր ու նշանակալի արժեք է մեզ համար։ Բացվելու է «Սինոփսիս»-ի Ուսումնական դեպարտամենտի Գյումրու մասնաճյուղ։ Այս համագործակցության արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ստանալու և բակալավրական, և մագիստրոսական կրթություն և մրցութային հիմունքներով աշխատելու «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտի Գյումրու մասնաճուղում՝ իհարկե չբացառելով Երևանյան ընկերությունում աշխատելու հնարավորությունը։

Հուշագիրը ստորագրվել է կոնկրետ պայմանավորվածությունների, ժամկետների և գործելակերպի հիման վրա։ Մենք արդեն տարածել ենք հայտարարություն դասախոսների վերապատրաստման վերաբերյալ։ «Սինոփսիս» ուսումնական ծրագրով դասախոսների վերապատրաստման դասընթացը նախատեսված է ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հարակից մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ նպատակ ունենալով դասախոսներ պատրաստել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում «Սինոփսիսի» կրթական ծրագրով բակալավրիատի և մագիստրատուրայի համար։ Արդեն մոտ 15 դասախոս հայտագրվել է և, հուսով ենք, որ մինչև սեպտեմբեր մենք կունենանք դասախոսների մի փոքր խումբ, ովքեր կկարողանան իրենց վրա վերցնել որոշ առարկաների դասավանդումը։ Այն առարկաները, որոնք առայժմ մենք չենք կարող սպասարկել, կսպասարկի «Սինոփսիս Արմենիա»-ի Երևանի Ուսումնական դեպարտամենտը։  Նախատեսվում է սեպտեմբերին և բակալավրական, և մագիստրոսական կրթական ծրագրերով կազմակերպել ուսուցում։ Ընդունելությունը կլինի 2-րդ կուրսից, ինչպես Երևանում։ Պետք է նշեմ, որ «Սինոփսիս»-ը լուրջ հիմքեր է ստեղծում Գյումրիում, ընկերությունը չի օգտագործելու անգամ Գյումրու մասնա­ճյուղի ուսումնական տարածքները։ Նրանք մտադրություն ունեն առանձին տարածքներ ձեռք բերել։

Նշեմ, որ լուրը մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողների շրջանում, սա խիստ որակյալ կրթության գրավական է։ Նրանք հնարավորություն են ստանում ժամանակակից և շուկայում լավագույնը համարվող գործիքային միջոցների հետ գործ ունենալ։ Երիտասարդը պետք է տեսնի, որ գիտելիքը գնահատվում է, որ ինքն ունի ապագա և կարող է իր կարողությունները ներդնելով ստանալ համարժեք գնահատական: