Պոլիտեխնիկը և «Սինոփսիս Արմենիա»-ն համատեղ կադրեր են պատրաստելու բուհի մարզային մասնաճյուղում

Պոլիտեխնիկը և «Սինոփսիս Արմենիա»-ն համատեղ կադրեր են պատրաստելու բուհի մարզային մասնաճյուղում

Կարևորելով բարձրագույն կրթության դերը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում և մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչ և հաշվի առնելով կողմերի համատեղ հետաքրքրությունները համագործակցության հաստատման շրջանակներում՝ «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը և Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը կնքեցին Հուշագիր: Այն ստորագրեցին Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Աշոտ Պապոյանը և «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կարևորեց համալսարանի և «Սինոփսիս Արմենիա»-ի միջև համագործակցությունը՝ վստահեցնելով, որ կնքվող պայմանագիրը դառնալու է նորանոր ձեռքբերումների հաղթաթուղթ:

«Այս տարի մենք նշելու ենք Գյումրու մասնաճյուղի 60-ամյակը, և այս համագործակցությունը դրանով ևս նշանավորվեց: Մեր ուսումնական ծրագրերն ու դրանց իրականացումը պետք է կատարվեն բարձր ստանդարտներին համապատասխան»,-նշեց Ոստանիկ Մարուխյանը:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը հույս հայտնեց, որ Գյումրիից արտագաղթը կդադարի, և այս համագործակցությունը կօգնի երիտասարդներին իրականացնել նպատակները՝ առանց Գյումրուց հեռանալու:

«Գյումրու մասնաճյուղը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, սակայն դա չի խանգարում համագործակցության հուշագիր կնքել այնպիսի լուրջ ընկերության հետ, ինչպիսին «Սինոփսիս Արմենիա»-ն Է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ապագայում առաջացող խնդիրների ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեզ հուսախաբ չանենք: Թող «Սինոփսիս»-ի մուտքը Գյումրի բարի լինի»,-ասաց Աշոտ Պապոյանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանն ասաց, որ ընկերությունը շատ է կարևորում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, քանի որ այդ զարգացումներից է կախված նաև «Սինոփսիս Արմենիա»-ի առաջընթացը:

«Հայաստանին հատուկ է ուսումնական ծրագրերի պատրաստումը, երիտասարդներին տարբեր ոլորտների մեջ ներգրավելը, ուստի մենք էլ ենք հանդես գալիս նմանատիպ նախագծերով՝ համագործակցելով չորս համալսարանների հետ՝ Երևանում: Սակայն կարող եմ փաստել, որ ամենաբեղմնավոր համագործակցությունը Պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի հետ է: Եվ ժամանակն է, որ «Սինոփսիսն» իր ուսումնական ծրագրերը մարզերում էլ տարածի և նոր ուժեր պատրաստի ոլորտի զարգացման համար»,- նշեց Երվանդ Զորյանը:

Կողմերը մտադիր են համագործակցել համալսարան-մասնավոր հատված փոխշահավետ և արդյունավետ կապի ձևավորման, բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի որակի բարելավմանը նպաստող գործընթացներում, ինչպես նաև բուհի և ընկերության անձնակազմի անդամների, ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման համատեղ հետաքրքրության ծրագրերի շրջանակներում:

***

«Սինոփսիս»-ը Հայաստան մուտք է գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո: Ընկերությունը 2007 թվականի մայիսին Երևանում կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման – կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում։ 2004 – 2008 թվականներին «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրականկրթական տեխնոլոգիական ներդրումներ:

8112 | 011710041 | 010520345