Գիտական համագործակցություն Լուվր թանգարանի հետ

Գիտական համագործակցություն Լուվր թանգարանի հետ

Պոլիտեխնիկցի Գագիկ Շմավոնյանը համագործակցում է Լուվր թանգարանի  գիտահետազոտական բաժնի հետ

ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտւթյունների դոկտոր  Գագիկ Շմավոնյանը վերջերս մշակեց գրաֆինի ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայումս ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը»:

Իսպանացի գիտնականների հետ Գագիկ Շմավոնյանի համահեղինակած գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրը հրապարակվեց Իսպանիայում և միջազգայնացվեց աշխարհի մոտ 200 երկրներում: Արտոնագրի հրապարակումից անմիջապես հետո Գ.  Շմավոնյանը ձեռնամուխ եղավ գրաֆինի ստացման գործընթացի ավտոմատացման՝ նոր սարքավորման ստեղծման և դրա հիման վրա հոսքային գծի նախագծման և պատրաստման աշխատանքներին: Նա և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանն այդ նանոտեխնոլոգիայի հայտնաբերման համար Սիլիկոնյան հովտում՝ Սան Ֆրանցիսկոյում արժանացան «Մաքուր տեխնոլոգիաների Օսկար» մրցանակի: Վերջերս ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով և ՀԱՊՀ ղեկավարության աջակցութամբ նա գործուղվեց Փարիզ՝ աշխարհին հայտնի «Լուվր» և երաժշտական ֆիլհարմոնիայի թանգարաններ: Հայտնի է, որ տարեկան մոտ 10 միլիոն մարդ է այցելում «Լուվր» թանգարան, ուր ցուցադրվում են քարե դարից մինչև 20-րդ դարի 35 հազար անգին գլուխգործոցների և հնաոճ ցուցանմուշների հավաքածուներ: «Լուվր»-ը սպասարկում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրոպայի 1200 թանգարաններ, ամրոցներ, հուշարձաններ և այլն, ինչպես նաև պատասխանատու է մշակութային արժեքների պահպանման և հետազոտման խնդիրների համար: Բացի այդ, այն նաև մշակութային արժեքների գիտական և տեխնիկական հետազոտությունների համաշխարհային փորձարարական կենտրոն է: Գ. Շմավոնյանի այցը Լուվր թանգարան՝ ուներ գործնական բնույթ: Հաշվի առնելով վերոհիշյալ տեխնոլոգիայի կարևորությունը՝ Գագիկ Շմավոնյանին առաջարկվեց գրաֆինապատել Լուվրի ցուցանմուշները՝ կիրառելով իր մշակած նանոտեխնոլոգիան: 2016 թվականի  հուլիսին Լուվր թանգարանում տեղի ունեցավ հանդիպում Գագիկ Շմավոնյանի և թանգարանի գիտահետազոտական լաբորատորիաների ղեկավարների և հարակից թանգարանների ներկայացուցիչների հետ: Կազմակերպված պաշտոնական հանդիպումների ժամանակ որոշվեց Գ. Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծել գիտական խումբ, որը կզբաղվի մշակութային արժեքների պահպանման խնդիրներով: Խումբը Գ.  Շմավոնյանի առաջարկած տեխնոլոգիայով կգրաֆինապատի ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, քարից, կերամիկայից, փայտից, թղթից, կտորից և այլ նյութերից պատրաստված հնաոճ և արժեքավոր ցուցանմուշները (նկարներ, արձաններ և այլն), ինչպես նաև կիրականացնի մշակութային արժեքների պահպանման, ծերացման կանխարգելմանը և երկարակեցության ավելացմանը նպաստող գիտական փորձարկումներ (խոնավություն, ջերմաստիճան և այլն): Նախ՝ «Լուվր» թանգարանի աշխատակիցների հետ համատեղ ընտրվեցին գրաֆի­նա­պատ­ման և վերականգնման ենթակա ա­ռաջնային նմուշները և ամենայն ճշգրտու­թյամբ քննարկվեցին գրա­ֆինա­պատ­ման նույնիսկ ամենափոքր ման­րա­մասները: Մինչ գրաֆինապատման աշխա­տանք­ներն իրականացնելը, ներկայումս նրա գլխա­վորությամբ գիտական խումբը հե­տազոտում է գրաֆինապատման ենթա­կա թանգարանային նմուշների ներկայիս վիճակը, նյութերի բաղադրությունը և ֆի­զի­կաքիմիական բնութագրերը, դրանց գրա­­­ֆինապատման առանձնա­հատկութ­յուն­ները և ծերացման՝ տարբեր ազդե­ցութ­յունների (խոնավություն, ջերմաստիճան և այլն) դեպքում գրաֆինի կայունության և եր­կարակեցության խնդիրները: Հետա­զո­տու­թյուններն իրականացվում են Փարիզի Սեր­ժի-Պոնտուազի համալսարանում, «Լուվր» թանգարանի ստորգետնյա եռահարկ գի­տա­հետազոտական լաբորատորիաներում, Ֆրանսիայի «Սոլեյ» և Իտալիայի «Էլետ տրա» սինքրոտրոնային կենտրոններում, որոնք կահավորված են գերժա­մանակա­կից սարքավորումներով` 3 ՄէՎ AGLAE («Լուվր»-ի լաբորատորիա), 2 75ԳէՎ («Սոլեյլ») և 2,4 ԳէՎ («Էլետտրա») էներգիաներով տարրական մասնիկների սինքրոտրոնային արագացուցիչներով, տարբեր բազմասպեկտրային մակերևութային վերլուծիչներով, ռենտգենյան ճառագայթների և անկյունային թույլտվությամբ ֆոտոէմիսիոն սպեկտրոմետրերով, ծերացումը հսկող սարքավորումներով և այլն: Գրաֆինապատման նպատակն է՝ մեծացնել հնաոճ ցուցանմուշների մեխանիկական ամրությունը՝ չվնասելով դրանց արտաքին տեսքը, տարբեր ազդեցությունների կանխարգելումը (կոռոզիա, բակտերիաներ) և ծերացումից պահպանումը: Նման գլուխգործոցների երկարատև պահպանման խնդիրները հույժ կարևոր են: Օրինակ՝ 2016թ.  ամռանը ջրհեղեղի հետևանքով Սենա գետի ջուրը բարձրացել էր 6,5 մետրով՝ սպառնալով վնասել գետի աջակողմյան ափի անմիջական հարևանութամբ գտնվող թանգարանի ստորգետնյա պահեստային սենյակներում պահպանվող 150 հազար գլուխգործոցները, որոնք փրկվեցին միայն ժամանակին տարհանման արդյունքում, այնուամենայնիվ հնարավոր չեղավ խուսափել խոնավության վնասակար ազդեցությունից: Գիտական խումբը համագործակցում է նաև երաժշտական ֆիլհարմոնիայի թանգարանի հետ, ուր պահպանվում են 400 տարվա երաժշտական գործիքներ: Որպես արվեստի գործ դրանց տեսքը և նվագելու ունակության պահպանումը շատ կարևոր է: Երաժշտական գործիքների ինչպես ստատիկ (300 գ ջութակի վրա կիրառվում է 300 Ն ուժ), այնպես էլ դինամիկ (100-200 Հց հաճախականության դեպքում տատանման ամպլիտուդը հասնում է 0,5 մմ) վիճակում ենթարկվում են մեխանիկական մեծ լարվածությունների: Այդ իսկ պատճառով թանգարանի աշխատակիցներն ընտրել են երաժշտական գործիքների հավաքածուների պահպանման յուրահատուկ ձև՝ մշակութային և պատմական արժեք ներկայացնող երաժշտական գործիքները (փողային, լարային և այլն) ոչ թե պահպանվում են որպես թանգարանային նմուշներ, այլ դրանց կիրառմամբ պարբերաբար կազմակերպվում են համերգներ: Սակայն նվագելու ընթացքում երաժիշտների քրտնելու արդյունքում առաջացած խոնավությունը և ջերմաստիճանային փոփոխությունները, ինչպես նաև տեղափոխման, շփման, մշակման, կոռոզիայի, մանրէաբանական ազդեցության հետևանքով երաժշտական գործիքները ևս քայքայվում են: Այդ իսկ պատճառով, կարևորվում է երաժշտական գործիքների նոր նյութով՝ մեխանիկական ամուր և անթափանց ատոմական հաստությամբ գրաֆինի ծածկույթով պատումը, որը կնպաստի դրանց պահպանմանը:

 

Հ.Գ. Նորանոր հաջողություններ ենք մաղթում Գագիկ Շմավոնյանին իր ստեղծագործ և անչափ կարևոր գիտահետազոտական աշխատանքներում:

8112 | 011710041 | 010520345