Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Կառավարությունն իր առաջանահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ պրոռեկտորների,  մի շարք աշխատակիցների հետ Վարչապետը ներկա գտնվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից լուծումներով «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացմանը: Կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը: Համակարգը բուհերի շարքում առաջինը ներդրվել է Պոլիտեխնիկում՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ:

Վարչապետը եղավ բուհի մի շարք լաբորատորիաներում։ Նախ այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: ՀԱՃԼ աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը Վարչապետին ներկայացրեց արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում: Նշվեց, որ լաբորատորիաների հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը: ՀԱՃԼ-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:

Այնուհետև Վարչապետը այցելեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։ Կենտրոնի գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը վարչապետին ներկայացրեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Նիկոլ Փաշինյանը այցելեց նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Գերազանցության կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։
Հանդիպման ընթացքում ռեկտորը Վարչապետին ներկայացրեց համալսարանի նախագծերն ու արդեն իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին և նշեց, որ այս տարի սպասվելիք ամառային դպրոցի շրջանակներում Պոլիտեխնիկը կհյուրընկալի նաև Ռուսաստանի Տամբովի պետական տեխնիկական համալսարանից ժամանած ուսանողների և դասախոսների։

Վարչապետ Ն. Փաշինյանը եղավ նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, որտեղ ծանոթացավ կենտրոնում տարվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին Ն․ Փաշինյանը իր խոսքում նշեց․ «Չկա կրթություն առանց հետազոտության, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտությունը և այն, ինչ տեսա Պոլիտեխնիկում այս տրամաբանության մեջ է։ Հաջորդը, որ ևս շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է, որը ևս շատ լավ գործում է Պոլիտեխնիկում։ Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին ոչ միայն ապահովում է ուսանողների և շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ կադրերի վերապատրաստման համար: Այն շահավետ է և բուհի համար, և մասնավոր ընկերության համար, որովհետև միջոցներ են խնայվում և աշխատանքի արտադրողականությունն է բարձրանում։  Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկում տեսա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու։

Կառավարությունը իր առաջնահերթությունները հռչակել է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը տեսնում է որպես տեխնոլոգիական երկիր։ Այդ առումով իհարկե Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ է, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկեր։ Ընդհանրապես բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Մենք հիմա ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման մի շարք գործառույթներ պատվիրում ենք բուհական համակարգին։ Այնտեղ, որտեղ կարելի է պետական գործառույթներ պատվիրարկել համալսարանին, պետք է պատվիրարկել», -նշեց Վարչապետ Ն․ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց շրջայցի համար, նշելով՝ համալսարանի շուրջ շատ մեծ օրակարգ կա, որը, հուսով եմ, կիրականանա հաջողությամբ։

ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց այցի համար, նշելով, որ այն, ինչ շրջայցի ընթացքում ցուցադրվեց բուհի ունեցած հնարավորությունների մի մասն է։ Ռեկտորը հույս հայտնեց, որ Վարչապետի ոտնամուտը Պոլիտեխնիկ նաև ընդունելության գործընթացի հաջող սկիզբ կդնի: Պոլիտեխնիկականի համար ուսանողական համակազմի հավաքագրումը շատ կարևոր խնդիր է դարձել` անցյալ տարվա ոչ այնքան հաջող ընդունելությունից հետո։ Ռեկտորը ընդգծեց, որ 86-ամյակը բոլորած Պոլիտեխնիկը իր ողջ գործունեության ընթացքում ծառայել է Հայաստանի Հանրապետությանը՝ տալով ոչ միայն ինժեներական հզոր կադրեր, այլև քաղաքական, ռազմական ու նշանավոր պետական գործիչներ։

Այցի ընթացքում ՀՀ վարչապետին «Քաղաք» անվամբ կտավ նվիրեց Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի Լիդա Գևորգյանը: