Պոլիտեխնիկը ընդլայնում է համագործակցության շրջանակը

Պոլիտեխնիկը ընդլայնում է համագործակցության շրջանակը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել պաշտոնական այցով Գերմանիայում գտնըվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության՝ Քյոլնի տեխնիկական համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Քյոլնի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Անդրադառնալով Պոլիտեխնիկի և Քյոլնի տեխնիկական համալսարանի միջև կնքված հուշագրի կետերին՝ «Tert.am» լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցում Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը մասնավորապես նշել է. «Հուշագիրը բացառիկ է այն առումով, որ նախ այդ տեխնոլոգիական համալսարանը ուսանողների թվաքականով Գերմանիայի երրորդ խոշորարագույն համալսարանն է՝ շուրջ 26000 ուսանողներով: Համալսարանը հայտնի է նաև 130 կրթական մասնագիտական ծրագրերով, որի շրջանակներում համագործակցում է աշխարհի մոտ 130 երկրների տարբեր համալսարանների հետ»: Նրա խոսքով՝ Քյոլնի հետ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխադարձ այցելությունների և վերապատրաստման տարբեր կուրսերի առումով: «Կարծում եմ, որ շահեկան վիճակում միայն մենք չենք, մեր համալսարանը նույնպես ունի հաջողված նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել մեր գերմանացի գործընկերներին, և մեզ համար շատ կարևոր է, որ երկրի ղեկավարի մակարդակով այդպիսի այցելությունների ժամանակ կնքվում է նաև պայմանագիր համալսարանների միջև», – նշել է Հ. Մուսայելյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ այստեղ միտում կա, որ կարևորվում է բարձրագույն տեխնոլոգիական կրթությունը, նամանավանդ որ այսօրվա կառավարության ծրագրի մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դառնալու այդ հավակնությունը հստակ է դրված, և վստահաբար կարելի է ասել, որ նմանատիպ համագործակցություններ սպասվում են մեզ նաև ապագայում: «Իհարկե այսօրվա համալսարանները և մասնավորապես նաև Պոլիտեխնիկը բավական լուրջ դժվարություններ ունեն, որոնք առաջին հերթին կապված են իհարկե ֆինանսների հետ, որովհետև աշխարհի լրջագույն համալսարանների բյուջեները շատ դեպքերում գերազանցում են նույնիսկ մեր պետության բյուջեին։ Եվ այն գումարները որոնք այսօր տնօրինում են մեր համալսարանները, շատ քիչ են լուրջ գիտահետազոտական աշխատանքներ անելու համար, սակայն մենք ունենք բոլոր այն ռեսուրսները՝ ճիշտ որոշումների ընդունման պարագայում լրացնելու այդ բացը»,-ասում է Հ. Մուսայելյանը և հավելում «Չմոռանանք, որ կան դեռևս չիրացված ռեսուրսներ և միջազգային դոնոր կազմակերպություններին ներգրավելու առումով, օրինակ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղի զարգացումը առանց շուկայի որակյալ կադրերի, լուրջ հաջողությունների չենք կարող հասնել: Իսկ որակյալ կադրեր ունենալու համար հարկավոր է, որ ուսանողները բուհն ավարտելու պահին մասնագետ լինեն»:

Արհեստական բանականության մասին խոսելիս Հ. Մուսայելյանը նշեց, որ վերջերս շատ է շրջանառվում այս մասին և մարդկության առաջընթացի հիմնական բաղադրիչներից մեկը հենց այս նորարարության ներդրումն է տնտեսության տարբեր բնագավառներում: «Եթե մենք համալսարանական միջավայրում կարողանանք ստեղծել այնպիսի նախադեպեր, որ բուհում ուսանողը կարողանա առնչվել գիտահետազոտական աշխատանքի կոմպոնենտներին, կապը բուհերի և մասնավոր ընկերություններ նոր մակարդակի բարձրացնենք, ապա կարող ենք բուհերը դարձնել այն հիմնական վայրերը, որտեղ կարող ենք արձանագրել, որ բոլոր հնարավորությունները կան ինչպես տեղական ընկերություններին կադրերով համալրելու, այնպես էլ գրավելու արտասահմանյան բրենդային ընկերությունների ուշադրությունը»,-նշել է Հ. Մուսայելյանը:

 

Քյոլնի տեխնիկական համալսարանը

Քյոլնի բարձրագույն ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1388 թվականի մայիսի 21-ին և Սրբազան Հռոմեական կայսրությունում Պրահայի Կարլի համալսարանից, Վիեննայի համալսարանից, Հայդելբերգի համալսարանից հետո անընդմեջ դարձել է բարձրագույն դպրոց: Կառուցման հավաստագիրը գրվել է Պերուջայում Ուրբան VI պապի կողմից: Արդեն 1389 թվականի հունվարին առաջին յոթ հարյուր ուսանողների համար սկսվեցին դասախոսությունները: 1798 թվականի ապրիլի 28-ին Քյոլնի համալսարանը փակվեց այն բանից հետո, երբ ռեկտոր Ֆերդինանդ Ֆրանց Վալրաֆը և համալսարանի մնացած բոլոր պրոֆեսորները հրաժարվեցին երդում տալ Առաջին ֆրանսիական հանրապետությանը, այն վկայակոչելով համալսարանի անկախությունը պահպանելու անհրաժեշտություն: Սակայն 1799 թվականին Վալրաֆը երդվել է Ֆրանսիային և նշանակվել է այսպես կոչված «Կենտրոնական դպրոցների» (փակ համալսարանի հաջորդողները) դասավանդող: Այդ պաշտոնում հաջողվեց նրան թաքցնել ֆրանսիացիներից և դրանով փրկել բազմաթիվ արվեստի գործեր: Նրա հավաքածուների մեծ մասը գտնվում է Վալրաֆ-Ռիխարց թանգարանում: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում փակված համալսարանի վերաբացման փորձերը ապարդյուն էին: 1919 թվականի մայիսի 29-ին Քյոլնի քաղաքապետ Կոնրադ Ադենաուերը նոր համալսարանի բացման մասին որոշում է ստորագրել: 1929 թվականի հոկտեմբերին Ալբերտ Մեծի անունը կրող հրապարակում սկսվել են հիմնական մասնաշենքի շինարարության աշխատանքները: 2005 թվականին համալսարանում սովորել են հինգ հազարից ավելի արտասահմանյան ուսանողներ (մոտ 11 %): Արտասահմանցի ուսանողներից շատերը ծագումով Եվրոպայից, Ռուսաստանից և Չինաստանից են: