Պոլիտեխնիկ այցելեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Պոլիտեխնիկ այցելեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Ապրիլի 26-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինին դիմավորեցին ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը, պրոռեկտորներ Ռ․ Աղգաշյանը, Կ. Արզումանյանը, Ա. Գրիգորյանը, որոնց ուղեկցությամբ դեսպանը շրջեց համալսարանում։ Եղավ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը դեսպանին ներկայացրեց արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում:

Այնուհետև դեսպանը այցելեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։ Կենտրոնի գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը դեսպանին ներկայացրեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը եղավ նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, որտեղ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ա․ Գևորգյանը ներկայացրեց կենտրոնում տարվող աշխատանքները։
Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը այցելեց ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Դեսպանը շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Գերազանցության կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։
Հանդիպման ընթացքում ռեկտորը դեսպանին ներկայացրեց համալսարանի նախագծերն ու արդեն իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին և նշեց, որ այս տարի սպասվելիք ամառային դպրոցի շրջանակներում Պոլիտեխնիկը կհյուրընկալի նաև Ռուսաստանի Տամբովի պետական տեխնիկական համալսարանից ժամանած ուսանողների և դասախոսների։

Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով ՀԱՊՀ պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Պոլիտեխնիկի պատմությունից, ուսումնական ու գիտական գործընթացներից, ինչպես նաև այլ համալսարանների և միջազգային կառույցների հետ համագործակցության ոլորտից:

010 52 03 45