Պոլիտեխնիկում անցկացվեց Հայոց եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Պոլիտեխնիկում անցկացվեց Հայոց եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Այսօր՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:

Միջոցառման նպատակն էր վերլուծել և ներկայացնել ոչ միայն ցեղասպանության իրականացման մեխանիզմներն ու միջոցները, այլև դրա հետևանքները։ Խնդիր էր դրված պարզաբանել ցեղասպանության փոխհատուցման իրավական մակարդակը և հնարավորությունները։

Ցեղասպանությունը հայոց պատմության ցավալի էջերից է, որը պիտի ոչ թե կաշկանդի, ճնշվածի հոգեբանությամբ ապրելու մտայնություն փոխանցի հայ ժողովրդին, այլ պիտի դառնա մեր պատմության ընթացքում գործած սխալների և բացթողումների ամենամեծ դասը։ Դաս մի ժողովրդի համար, որն անցել է դարավոր ու դժվար, բայց և միևնույն ժամանակ փառահեղ ճանապարհ, կերտել է հզոր պատմություն, ընկալել պետականություն և անկախություն բառերի իմաստն ու նշանակությունը։ Ասվածի լավագույն վկայությունն այսօր մեր պետությունն է և մենք։ Եվ հենց այս սերունդն ու պետական կառույցը պետք է շարունակեն պահանջատեր լինել մեր նախնիների ոչնչացման և հատկապես կորուսյալ հայրենիքի համար։

Միջոցառման ընթացքում Պոլիտեխնիկի ուսանողները հանդես եկան զեկուցումներով։ Առաջինը զեկուցեց Գագիկ Հովսեփյանը «Հայոց ցեղասպանության թուրքական ծրագրի պարզաբանում» թեմայով։ Նա խոսեց Ցեղասպանության ծրագրի, դրա իրականացնողների և համապատասխանաբար կայացված որոշումների մասին։ Զեկուցողը առավել մանրամասն ներկայացրեց Ցեղասպանության իրականացման մեխանիզմները, փուլերը և դրանց առանձնահատկությունները։ Երբ և ինչու երիտթուրքերն իրականացրեցին այդ հանցագործությունը։ Այս հարցերի մասին խոսվեց մանրամասն։

Ապա զեկուցումով հանդես եկավ Սվետա Ավետյանը՝ «Հայոց ցեղասպանության թուրքական ծրագրի պարզաբանում» թեմայով։ Մանրամասն խոսվեց երիտթուրքական  պարագլուխների կողմից 1915թ․ փետրվարին ընդունված որոշման և դրա իրականացման խնդիրների մասին։

Հետաքրքիր էր նաև Անահիտ Սարգսյանի «Հենրի Մորգենթաուն և Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկուցումը։

Եղան այլ հետաքրքրական զեկուցումներ ևս, որոնք լսվեcին մեծ ուշադրությամբ։ Բոլոր զեկուցումները անգլերենով էին և ուղեկցվում էին տեսանյութերով։

«Հայոց մեծ եղեռնի տարելիցի հիշատակման նախօրեին կազմակերպված այս միջոցառումը համարում եմ հոգու կանչի որոշակի դրսևորում և այդ տեսանկյունից իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում Ն․ Բաղդասարյանին այս միջոցառման համար, որը  կազմակերպվել է ամենայն բծախնդրությամբ և  նպատակային մոտեցմամբ։ Ուրախալի է այն փաստը, որ միջոցառմանը մասնակցում էին Քոլեջի ուսանողները, ովքեր  օրեր առաջ կազմակերպել էին Պարույր Սևակին նվիրված փայլուն միջոցառում», – նշեց ռեկտոր Ո․Մարուխյանը։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը։ Նա իր խոսքում նշեց․ «Ցեղասպանությունը այն թեման է, որը մեզ չպետք է թուլացնի, այլ հակառակը՝ ուժեղացնի։ Մենք հասկանում ենք, որ ունեցել ենք մեծ կորուստներ, բայց վեր ենք հառնել։ Մենք այսօր ունենք անկախ պետականություն, իսկ վաղը ունենալու ենք ավելի հզոր պետականություն»։

Միջոցառման ավարտին ռեկտոր Ո․ Մարուխյանը արժեքավոր գրքեր նվիրեց  Հասարակական գիտությունների ամբիոնին և զեկուցող ուսանողներին։