Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհրդի հերթական նիստը

Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ` Հովիկ Մուսայելյանի  նախագահությամբ:

Հ․ Մուսայելյանը ներկայացրեց օրակարգը, որը հաստատվեց քվեարկությամբ։

Անցնելով օրակարգային հարցերին՝ Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի կրթահամալիրի (ներառյալ Քոլեջը) վարչական, սպասարկող և ուսումնաօժանդակ անձնակազմերի հաստիքացուցակը:

Օրակարգային հաջորդ հարցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի ստեղծման և հաստիքացուցակի հաստատման մասին էր։ Հարցի քննարկումից հետո որոշվեց կենտրոնին հատկացնել տնօրենի, ինժեների, ուսումնական վարպետի, լաբորանտի հաստիքները։

Այնուհետեւ անդրադարձ եղավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի թիվ 08/18-01h և 08/18-02h որոշումներին։  Խոսքը վերաբերում էր ՀԱՊՀ 4-րդ մասնաշենքի համար Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած մրցույթին։ Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը հարցի վերաբերյալ հանդես կգա նոր, արդյունավետ առաջարկությամբ։

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նաև Խորհրդի Ռազմավարության մշակման (նախագահ՝ Յու․ Սարգսյան) և Ֆինանսատնտեսական (նախագահ Լ․ Չարխիֆալակյան) հանձնաժողովների կազմերը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գույքի տնօրինման կարգի մասին հարցի առավել արդյունավետ լուծում գտնելու նպատակով որոշվեց այն հետաձգել Խորհրդի հաջորդ նիստին։