Պարույր Սևակ. «Անմահները հրամայում են»

Պարույր Սևակ. «Անմահները հրամայում են»

Մեծանուն բանաստեղծի՝ Պարույր Սևակի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են ու երբեք չհնացող, որովհետև դրանցում արտացոլված է ոչ միայն բանաստեղծի, այլև ողջ հայության ցավն ու հպարտությունը: Բանաստեղծի ծննդյան 95-րդ տարելիցը ապրիլի 11-ին համախմբել էր սևակասերներին Պոլիտեխնիկի Քոլեջում: Մի խումբ ուսանողներ ու մտավորականներ մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները:

Նախաձեռնության հեղինակը Քոլեջի հայոց լեզվի դասախոս Հասմիկ Մանուկյանն էր:

Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Պ․ Սևակի թոռը՝ գրականագետ Սևակ Ղազարյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, Քոլեջի տնօրեն Է․ Էլբակյանը, փոխտնօրենները, ծնողներ, ուսանողներ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Պոլիտեխնիկ Բենդի հրաշալի գործիքային կատարումներով։ Այնուհետև հանդիսատեսը տեղափոխվեց 1970-ական թվականներ, հանդիպեց Պ.Սևակին, նրա հորը, մորը: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ Սևակի գրեթե բոլոր ժողովածուներից՝ մեծագույն հաճույք պատճառելով և հիացնելով ունկնդիրներին: Չշրջանցվեց նաև «Անլռելի զանգակատուն» պոեմը, որն էլ հենց մեծ ժողովրդականություն բերեց Սևակին:

Միջոցառումից տպավորված՝  Ոստանիկ Մարուխյանը ուսանողների ելույթը փայլուն համարեց՝ նշելով, որ պոլիտեխնիկցին միշտ էլ աչքի է ընկել բազմակողմանի զարգացվածությամբ, ընթերցասիրությամբ։ Ամփոփելով խոսքը ռեկտոր Ո․ Մարուխյանը մեկ անգամ ևս կարևորեց Սևակի գործերն ապրեցնելու անհրաժեշտությունը և խոսքն ավարտեց սևակյան գեղեցիկ ու արդիական բանաստեղծության՝ «Աղաչում եմ»-ի ընթերցմամբ:

Քոլեջի տնօրենը ևս կարևորելով նմանատիպ միջոցառումները, իր ելույթում նշեց, որ մասնագիտական կարողություններից բացի, ուսանողները պետք է բազմակողմանի զարգացած լինեն:

Միջոցառման հիմնական մասնակից Ք 84-2 խմբի բոլոր ուսանողներին Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը հրավիրեց Պ. Սևակի հիշատակի օրը՝ հունիսի 17-ին մասնակցելու Զանգակատան գլխավոր միջոցառմանը:

Միջոցառման ավարտին Շնորհակալագրերով պարգևատրվեցին Ս․ Ղազարյանը և հայոց լեզվի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Հ. Մանուկյանը: