Կայացավ Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հերթական նիստը

Ս.թ. մարտի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ։

Օրակարգային առաջին հարցով Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կ․ Արզումանյանը ներկայացրեց համալսարանի 2019-2020 ուսումնական տարվա բակալավրիատի շրջանավարտների և մագիստրատուրայի ընդունելության մասնագիտությունների համապատասխանեցման մասին զեկուցում: Բերվեցին համեմատական տվյալներ: Կ․ Արզումանյանը նշեց, որ մասնագիտությունների ցանկը գրեթե կրկնում է անցյալ տարվա համապատասխանեցման ցանկը՝ որոշ փոփոխություններով, որտեղ որ շրջանավարտ չի եղել դրանք հանվել են։ Նշվեց, որ ցանկը նախապես ուղարկված է եղել բոլոր ուսումնական ստորաբաժանումներին, և կա բոլորի դրական համաձայնությունը։

Օրակարգային երկրորդ՝ մասնաճյուղերի կանոնադրությունների խմբագրման երկրորդ փուլին վերաբերող հարցով  զեկուցեց Կրթական ծրագրերի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը։ Նա  ներկայացրեց Վանաձորի մասնաճյուղի կանոնադրությունը՝ երկրորդ խմբագրմամբ և նշեց, որ կատարված փոփոխությունները պայմանավորված են մասնաճյուղում իրականացված կառուցվածքային փոփոխությունների հետ։  Նշվեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող կառույցում այժմ չկան ֆակուլտետներ, հետևաբար կանոնադրության այն հատվածներում, որտեղ կան կետեր, որոնք առնչվում են ֆակուլտետներին կամ դեկաններին հանված են։ Ներկայացվեց նաև, թե նոր կանոնադրությամբ ինչպես է ձևավորվում մասնաճյուղի Գիտխորհրդի կազմը։

Մ․ Բաղդասարյանը նշեց, որ մնացած կետերը չեն փոփոխվել, մնացել են, ինչպես որ հաստատվել են երկու տարի առաջ։

Օրակարգային հաջորդ հարցով Գիտքարտուղար Հ. Բալաբանյանը ներկայացրեց տեղեկություններ Ռուսաց լեզվի ամբիոնի թափուր տեղերին և գիտական կոչումների հավակնող թեկնածուների վերաբերյալ, ովքեր մասնակցում են հայտարարված մրցույթին: Թեկնածությունների վերաբերյալ հնչեցին կարծիքներ, ապա տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն:

Քննարկվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր:

Ընթացիկ հարցերի շրջանակում ռեկտոր Ո․ Մարուխյանը հայտարարեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման մասին։  Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Սեմերջյանը։ Ո․ Մարուխյանը նշեց, որ հուշագրի նպատակն է «Բիզնես վարչարարության մագիստրոս» որակավորմամբ «ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանս» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրումը, որը կունենա երկու կրթական հոսքեր՝ ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ ու բանկեր և ֆինանսներ:

Այնուհետև Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը Գիտխորհրդին ներկայացրեց թեկնածուական ատենախոսությունների թեմաների, մասնագիտության և գիտական ղեկավարների հաստատման հարցեր: Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո Գիտխորհուրդը հաստատեց դրանք: