Լավ է ուշ, քան՝ երբեք. Պոլիտեխնիկի ռեկտորը՝ դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին

Լավ է ուշ, քան՝ երբեք. Պոլիտեխնիկի ռեկտորը՝ դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը բարձր է գնահատում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է արգելել դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը։

«Միանշանակ կողմ եմ սրան։ Ասում են՝ լավ է ուշ, քան՝ երբեք։ Ես համարում եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ճիշտ է, քանզի նմանօրինակ ծառայությունների մատուցումը ուսուցման որակի վրա անհակադարձելի ազդեցություն է ունենում», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոստանիկ Մարուխյանը։

Նրա խոսքով՝ ինժեներական բուհերը՝ ի դեմս Պոլիտեխնիկական համալսարանի, համեմատաբար ավելի բարենպաստ վիճակում են, քանի որ մասնագիտական բազմաբնույթ առարկայացանկի շրջանակներում ծառայություններ մատուցողները հսկայական դժվարությունների առջև են կանգնում։

«Իդեպ, պետք է ասեմ, որ դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքը միայն մեզ բնորոշ չէ։ Եթե նայենք, Ռուսաստանում, օրինակ, ոչ միայն նման ծառայությունենր կան, այլև կան պաշտպանած դիսերտացիաների վերաբերյալ հատուկ առաջարկներ՝ արագընթաց տեմպով դրանք հասցնելու գնորդին», – ասաց Ոստանիկ Մարուխյանը։

ՀԱՊՀ ռեկտորի կարծիքով, գիտական աշխատանքների առքուվաճառքը կարող է հեռուն գնացող այլ գործառույթներ ևս առաջացնել։

«Ես դասավանդում եմ հատկապես բարձր կուրսերում, և այն առարկաներն են, որտեղ ամենից քիչ սողոսկելու հնարավորությունը կա՝ հասկանալի պատճառներով։ Բայց նկատել եմ, որ ուսանողների ձեռքին եղել են ռեֆերատներ, որոնք, ասենք, վերաբերում են կիրառական մեխանիկային, նյութերի դիմադրությանը, քիմիական ինչ-որ դասընթացների… Էլ չեմ ասում, որ աշխատանքներ վաճառողները պատմության, քաղաքագիտության ուղղություններով լայն դաշտ ունեն։

Ես Ռուսաստանում նույնիսկ տեսել եմ, որ աշխատանքները դրսում վաճառել են խտասկավառակներով։ Աստված մի արասցե, որ այդ տարբերակն այստեղ էլ մուտք գործի», – նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ճիշտ կլինի՝ օրենսդրական նախաձեռնությունը ապօրինություն թույլ տված անձնաց նկատմամբ տուգանքներ և տույժեր նախատեսի։