Պոլիտեխնիկ այցելեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը

Պոլիտեխնիկ այցելեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, նախկին վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հանդիպում ունեցավ ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, ուսանողական համակազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանն ասաց, որ արդեն հանդիպել է մի շարք բուհերում սովորող ուսանողների հետ, և հերթական հանդիպումը Պոլիտեխնիկում է: Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել Արցախի զարգացման տեմպերը վերջին տարիներին և խրախուսել ուսանողությանը, որպեսզի  իրենց  ձեռք  բերած  փորձը, գիտելիքները ներդնեն  Արցախի  զարգացմանն  ուղղված  ծրագրերին, խնդիրների   լուծմանը, ինչպես  նաև   իրենց  ոլորտում լինեն մրցունակ մասնագետներ:

Ա. Հարությունյանը նշեց, որ Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերների հաղթահարումը պայմանավորված է տնտեսական զարգացման շարունակական ապահովմամբ: Նրա խոսքով՝ երբ ստանձնեց գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, հինգ հիմնական առաջնահերթություն է դրել իր առջև՝ ապահովել հանրապետության պարենային և էներգետիկ անվտանգությունը, զարգացնել հանքարդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ուղղությունները՝ զուգահեռաբար ապահովելով տնտեսական աճի բարձր տեմպեր:

«2007 թվականին հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմում էր 70 մլրդ դրամ: Թե՛ պարենային և թե՛ էներգետիկ անվտանգության առումներով լուրջ խնդիրներ կային: Հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց բեկում մտցնել տնտեսության զարգացման ու կառուցվածքի փոփոխության հարցում, և համախառն ներքին արդյունքն ավելի քան քառապատկել: Պետական բյուջեն 2007 թվականին եղել է 32 միլիարդ դրամ, այս տարի կազմում է 112 միլիարդ դրամ: Տնտեսության զարգացման շնորհիվ մենք կարողացել ենք զգալիորեն կրճատել գործազրկությունը, կառուցել մեծ թվով դպրոցական և նախադպրոցական շենքեր, ստեղծագործական կենտրոններ, ճանապարհներ ու հանրային նշանակության բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնել: Մի քանի անգամ ավելացել է սոցիալական ծրագրերի թիվը: Այս ամենն ուղղված է կյանքի որակի բարելավմանը» – նշեց Ա. Հարությունյանը:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ  Ա. Հարությունյանի, ստեղծված են հիմնական բարենպաստ նախադրյալները, և տարեցտարի ավելանում է գյուղատնտեսական համախառն արտադրանքը: «Արդեն ունենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, դրանից բխող ծրագրեր, ինչպես նաև փորձ, որը թույլ է տալիս համարձակ հայտարարել, որ կառավարության կողմից ընդունված ծրագիրը խիստ իրատեսական է»,- նշեց նա:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նա նշել է, որ ոլորտը անվտանգային առումով մեծ կարևորություն ունի, ինչը պայմանավորված է արտաքին միջավայրից բխող մի շարք գործոններով: «Էներգետիկ անվտանգության ապահովման առումով, ելնելով էկոլոգիական խնդիրներից և ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից, մենք նախընտրեցինք հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն գերազանցել է ներքին սպառման ծավալները, և առաջիկա տարիներին այն պետք է հասցնել մինչև 1 միլիարդ կՎտ/ժ արտադրության: Այդ պարագայում, ըստ մասնագիտական հաշվարկի, հնարավորություն կլինի աստիճանաբար հրաժարվել բենզինից, դիզվառելիքից և գազից՝ Արցախը էներգետիկ առումով ամբողջությամբ դարձնելով ինքնաբավ ու անվտանգ»:

Խոսելով Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների և ուղղությունների մասին՝ Ա. Հարությունյանը ընդգծեց, որ պետք է շարունակել պահպանել տնտեսական աճի տեմպերը՝ պարզաբանելով և մանրամասնելով, թե ինչպես է նախատեսվում այդ ցուցանիշներին հասնել և ապահովել այդ արդյունքները:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտներին և դրանց զարգացման հեռանկարներին: