Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հանդիպեց բուհի ուսանողության հետ

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հանդիպեց բուհի ուսանողության հետ

Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հանդիպում ունեցավ բուհի ուսանողների հետ։

Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ Հ. Մուսայելյանը պատրաստակամություն էր հայտնել պարբերաբար քննարկումներ կազմակերպել ու անմիջական շփումներ ունենալ ուսանողների հետ, լսելի դարձնել նրանց ձայնը, ծանոթանալ ՀԱՊՀ ուսանողների կածիքներին ու առաջարկվող խնդիրներին։

Ուսանողների հետ հանդիպումը անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով։

Ողջունելով ուսանողներին` ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հ. Մուսայելյանը նշեց, որ իր համար կարևոր է հանդիպել ուսանողների հետ, քանի որ նրանք են երկրի ապագան կերտողները: Անդրադառնալով բուհերի տված գիտելիքներին՝ Հ. Մուսայելյանը շեշտեց գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը, քանի որ գործատուներին հիմնականում չի բավարարում միայն ակադեմիական գիտելիքը, կամ այն, թե որ բուհն է ավարտել ուսանողը: Նա նշեց, որ այս առումով այսօր գործատուների մեծ մասը կարևորում է կիրառական գիտելիքները:

Հ. Մուսայելյանը անդրադարձ կատարեց Պոլիտեխնիկի ստեղծման պատմությանը, խոսեց Խորհրդի առաջնահերթ ծրագրերի մասին, ներկայացրեց Պոլիտեխնիկի՝ հզոր տեխնոլոգիական համալսարանի իր տեսլականը: Նա նշեց, որ ցանկություն ունի ավելի հաճախ հանդիպել ուսանողության հետ, քանի որ միայն այդպես կարելի է լուծել բուհի առջև ծառացած խնդիրները: Նշվեց, որ Պոլիտեխնիկը ի զորու է լինել կենտրոնատեղ, որտեղ ուսուցումը կարելի է կազմակերպել և իրականացնել տեխնոլոգիական վերջին միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Հ. Մուսայելյանը խոսեց բուհ-մասնավոր ընկերություն համագործակցության մասին, օրինակ բերելով «Սինոփսիս-Արմենիա»-ի և Պոլիտեխնիկի համագործակցությունը: Նա անդրադարձ կատարեց դասախոսների վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի թարմացման խնդիրներին և, որ ամենակարևորն է, ներկայացրեց առկա խնդիրների լուծման իր տեսլականն ու որոշակի ուղիները:

Խոսվեց այն մասին, որ վատ է, երբ բուհի բյուջեն գոյանում է մեծ մասամբ վարձավճարներից: Նա նշեց, որ մեզանում պետք է կրթության մեջ ներդրումներ անելու մշակույթ ձևավորվի:

Դիմելով համալսարանի ուսանողներին՝ Հ. Մուսայելյանը հետաքրքրվեց առկա խնդիրներով:

Ուսանողները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Հոգաբարձուների խորհրդի նախագահը հանգամանորեն պատասխանեց՝ անդրադառնալով նաև բազմաթիվ խնդիրների՝ կիսելով իր մոտեցումներն ու տեսակետները ներկաների հետ:
Հանդիպման ավարտին Հ. Մուսայելյանը նշեց, որ այսուհետև, որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ կանի ամեն ինչ կրթական համակարգի զարգացմանը նպաստելու համար և խոստացավ, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական: