Մարտի 12-ին Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և PMI Science-ի աջակցությամբ կազմակերպված Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը:
Ծրագրի հաղթող 10 ասպիրանտներ արժանացան 364,000 ՀՀ դրամ ամսական կրթաթոշակների՝ 1 տարվա կտրվածքով, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցությանը:
Տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտների կողմից ներկայացված 45 հայտերը գնահատվել են Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհուրդը և Նյու Ջերսիի Ռաթգրսի համալսարանը ներկայացնող միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից, որի արդյունքում և կատարվել է հաղթողների ընտրությունը:
Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի:
Միջոցառմանը նեկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, PMI-ի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին, ինչպես նաև մի շարք համալսարանների և ինստիտուտների ղեկավարներ, որոնք և հանձնեցին մրցանակները:
Շնորհավորում ենք Հայաստանի ազգային պոիլտեխնիկական համալսարանի ասպիրանտներ Տաթևիկ Բաղդասարյանին և Տիգրան Հակոբյանին, որոնց կողմից ներկայացված գիտական աշխատանքները նույնպես արժանացել են Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակներին:
Նշենք, որ ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը Հայաստանում՝ տրամադրելով ամսական կրթաթոշակներ տարբեր գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների երիտասարդ գիտնականներին, իրականացնելու համար իրենց հետազոտական աշխատանքները միջազգային չափորոշիչներին համապատասխանող պահանջներով: