Պոլիտեխնիկում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները անցկացրեցին դասախոսություն

Պոլիտեխնիկում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները անցկացրեցին դասախոսություն

Փետրվարի 28-ին, Պոլիտեխնիկի 1301 լսարանում, Արտակարգ իրավիճակների նախարարության փոխգնդապետներ Կարեն Սահակյանը և Գուրգեն Մարտիրոսյանը անցկացրեցին դասախոսություններ՝ «Բնակչության վարվելակերպը երկրաշարժի ժամանակ» և «Քաղաքացիական պաշտպանության ազդանշանների ազդարարման դեպքում գործողությունները» թեմաներով:

Միջոցառմանը ներկա էին Պոլիտեխնիկի ՈՒՄՎ պետ, պրոռեկտոր Կ. Արզումանյանը, Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Ա. Արամյանը, ինստիտուտների տնօրեններ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Դասախոսությունների ընթացքում փոխգնդապետները խոսեցին բնական և տեխնածին բնույթի վտանգների, աղետների ռիսկի նվազեցման, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորման, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակման, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման և այլ խնդիրների մասին:  Փոխգնդապետ Կ. Սահակյանը մանրամասնորեն ներկայացրեց բնակչության նախազգուշացման համար կիրառվող ազդարարման ազդանշաններ, դրանց հաղորդման ձևերը, բնակչության գործողությունները:

Գ. Մարտիրոսյանը  ուսուցողական տեսահոլովակի օգնությամբ ներկայացրեց տարբեր աղետների ժամանակ բնակչության պատսպարվելու եղանակների մասին: Նա նշեց, որ իրենց նպատակն է բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:

Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան գործունեություն իրականացնելու համար Պոլիտեխնիկում կազմվել են մասնագիտացված ջոկատներ և օղակներ՝ փրկարար, հասարակական կարգի պահպանման, կապի և ազդարարման ջոկատներ, ինչպես նաև բժշկական, վթարատեխնիկական և հակահրշեջային օղակներ: