Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

Դեռևս 1933թ. Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց նոր ինստիտուտ, որը 1933թ. մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ): Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական և 107 ուսանող:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ավելի քան ութ ու կես տասնամյակների տարեգրություն կերտած ինժեներական հմուտ կադրերի դարբնոց Պոլիտեխնիկը մշտապես զգացել է նորի շունչը և ընթացել ժամանակին համաքայլ՝ աչքի ընկնելով իր բարձր վարկանիշով ու հեղինակությամբ:

Վերջին տարիների Պոլիտեխնիկի ձեռքբերումներից են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Շնեյդեր ԷլեկտրիկՏաշիրՀԱՊՀ գերազանցության կենտրոնը, Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնը, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մասնագիտական լսարաններն ու բազային լաբորատորիաները, որոնք հնարավություն են տալիս արագորեն արձագանքել ինժեներների պատրաստման անընդհատ զարգացող ու փոփոխվող պահանջներին:

Պոլիտեխնիկը հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ունի համագործակցության շուրջ 175 պայմանագրեր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրերՊոլիտեխնիկն իր գործունեության 85 տարիների ընթացքում տվել է 125 հազարից ավելի շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

Շնորհավորում ենք բոլոր պոլիտեխնիկցիներին բուհի հոբելյանի առթիվ, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և ամենայն բարիք: