Գիտական Խորհրդի փետրվարյան նիստում

Գիտական Խորհրդի փետրվարյան նիստում

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստ՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորը Գիտխորհրդին ներկայացրեց ՀԱՊՀ նորընտիր Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տ.գ.թ., Հովիկ Մուսայելյանին և քարտուղար, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրոս Ալեքսանդր Դռնոյանին:

Օրակարգային առաջին հարցով Հոգաբարձուների նորընտիր նախագահ Հ. Մուսայելյանը խոսեց Խորհրդի առաջնահերթ ծրագրերի մասին, ներկայացրեց Պոլիտեխնիկի՝ հզոր տեխնոլոգիական համալսարանի իր տեսլականը: Նա նշեց, որ ցանկություն ունի ավելի հաճախ հանդիպել, քանի որ միայն այդպես կարելի է լուծել բուհի առջև ծառացած խնդիրները: Նշվեց, որ Պոլիտեխնիկը ի զորու է լինելու կենտրոնատեղ, որտեղ ուսուցումը կարելի է կազմակերպել և իրականացնել տեխնոլոգիական վերջին միջոցներով կահավորված լաբորատորիաներում: Մասնավորապես առանձին անդրադարձ տեղի ունեցավ ցանցային համալսարանին: Նշվեց, որ բոլոր քննարկումներում Պոլիտեխնիկը համարվել է գիտահետազոտական տեխնոլոգիական կրթության ելակետ և կենտրոնատեղի:

Հ. Մուսայելյանը անդրադարձ կատարեց նաև ակադեմիական ինստիտուտների և համալսարանական կրթության ինտեգրման հարցերին: Նա նշեց, որ երկշաբաթյա պարբերականությամբ ընդունելություն կունենա և ազատ է ցանկացածի հետ քննարկելու համալսարարանի հետ կապված յուրաքանչյուր խնդիր: Նա նաև նշեց, որ մոտ օրերս առանձին հանդիպում կունենա բուհի ուսանողության հետ:

«Լինելով Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ, անելու եմ ամեն ինչ՝ համալսարանին առնչվող մի շարք խնդիրների նպաստավոր լուծման ուղղությամբ»,-ասաց Հ.Մուսայելյանը: Խոսելով Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տարածքային խնդիրների բարելավման մասին, Հ.Մուսայելյանը նշեց, որ հետամուտ կլինի ՀԱՊՀ Գիտական խորհրդի բարձրացրած հարցադրումներին և Հոգաբարձուների խորհրդի՝ տրված հանձնարարականներին:

Ապա ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակալագրեր հանձնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած պոլիտեխնիկցի ուսանողներին՝ Ճարտարագիտության ոլորտի մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին կարգի պարգևի արժանացած ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրոս, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ՈւԳԸ նախագահ Ալեքսանդր Դռնոյանին, ճարտարագիտության ոլորտի բակալավրի կրթական ծրագրով 2-րդ կարգի պարգևի արժանացած ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող Արման Բաբայանին, մշակույթի և սպորտի ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով 3-րդ կարգի պարգևի արժանացած ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի Լիդա Գևորգյանին։

Այնուհետև ռեկտորը կատարեց ևս մեկ հաճելի արարողություն՝ հանձնեց հավաստագիր 2018/2019 ուստարում Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակի արժանացած Տիգրան Ավագյանին: Տ. Ավագյանը Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող է: Նշենք, որ Կ. Դեմիրճյանի անվան կրթաթոշակը գործում է 2016 թվականից:  Սահմանվել է «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից և հատկացվում է Պոլիտեխնիկի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի (նախկինում՝ Մեխանիկամեքենագիտական կամ Մեքենաշինական ֆակուլտետների) նախորդ տարիներին գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

Մինչ օրակարգին անցնելը Ս. Մինասյանը դիպլոմ հանձնեց ՈՒՄՎ պետ Կ. Արզումանյանին ՀՃԱ անդամ դառնալու կապակցությամբ: Հանձնեց դիպլոմներ նաև ռեկտոր Ո. Մարուխյանին և Շրջանավարտների ասոցիացիայի անդամ Վ. Բոստանջյանին Ուկրաինայի ՃԱ անդամ դառնալու կապակցությամբ:

Այնուհետև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է Պոլիտեխնիկում «Ֆիլիպ Մորիսի» գիտական և կրթական հետազոտություններ (R&D) իրականացնող կենտրոն ստեղծել: Ըստ պայմանագրի կենտրոնը Պոլիտեխնիկի հետ գործակցությամբ կիրականացնի հետազոտական աշխատանքներ, կմշակի կրթական ծրագրեր:

«Կենտրոնը հնարավորություն կտա երիտասարդներին ոչ միայն իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, այլև համագործակցել համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականների հետ: «Մեզ համար մեծ պատիվ է Պոլիտեխնիկական համալսարանի հետ գործակցելը: Վստահ ենք, որ դրանից կշահի ինչպես բուհը, այնպես էլ հանրությունը», – ասաց ընկերության կորպորատիվ հարցերով տնօրեն Վ. Դանիելյանը:

«Ֆիլիպ Մորիսի հետ փոխգործակցության հուշագրի ստորագրումից հետո քննարկումները անցել են մի քանի մակարդակներում: Ընկերությունը լուրջ վերազգային կազմակերպություն է, որը հնարավորություն կտա մեր համալսարանին վարձակալության տալ բուհի չօգտագործվող տարածք: Այն կօգտագործվի համատեղ: Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով ՏՏ ոլորտի հայտնի կազմակերպություններ և ներդրումային ընկերություններ են մուտք գործում Հայաստան, ինչը շատ ուրախալի է: Պոլիտեխնիկը կարողացել է ցույց տալ, որ այստեղ լիովին հնարավոր և շահավետ է ՏՏ ներդրումային ծրագրեր սկսելը»,- ասաց Ձեռնարկություններին ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոններ են տեղակայված Շվեյցարիայում և Սինգապուրում: Կենտրոններում ներկայումս կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, թերմոդինամիկայի և այլոլորտներում։

Գիտխորհրդի նիստում ևս մեկ կարևոր պայմանագիր կնքվեց՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և Պոլիտեխնիկի միջև: Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Ա. Հովսեփյանը և ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն երկու կազմակերպությունների հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ:

Օրակարգային վերջին հարցով Գիտքարտուղար Հ. Բալաբանյանը ներկայացրեց տեղեկություններ Հայոց և Ռուսաց լեզուների ամբիոնների թափուր տեղերին հավակնող թեկնածուների վերաբերյալ, ովքեր մասնակցում են հայտարարված մրցույթին: Թեկնածությունների վերաբերյալ հնչեցին կարծիքներ, ապա տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն: