Պոլիտեխնիկցիները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ

Պոլիտեխնիկցիները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ

Փետրվարի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում անցկացվեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, ՀՀ ԲՈւՀ-երի ռեկտորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև մրցանակի արժանացած պոլիտեխնիկցի ուսանողները:

ՀՀ կառավարության որոշմամբ արդեն վեց տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Ողջույնի խոսքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նման մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, նույնիսկ հաղթող չճանաչվելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից է. ուսանողների հետ խորհրդակցելը, ուսանողների հետ գաղափարները կիսելը, նրանց գաղափարները փորձարկելը մեր գործունեության առանցքում է լինելու»,-հայտարարել է կրթության և գիտության նախարարը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ։

Հաղթողների թվում էին նաև երեք Պոլիտեխնիկցիներ։ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում ճարտարագիտության ոլորտի մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին կարգի պարգևի արժանացավ ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրոս, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ՈւԳԸ նախագահ Ալեքսանդր Դռնոյանը, ճարտարագիտության ոլորտի բակալավրի կրթական ծրագրով 2-րդ կարգի պարգևի արժանացավ ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող Արման Բաբայանը, իսկ մշակույթի և սպորտի ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով 3-րդ կարգի պարգևի արժանացավ ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանողուհի Լիդա Գևորգյանը։