Պոլիտեխնիկի հետ իր համագործակցությունն է շարունակում DATAMINE-ը

Պոլիտեխնիկի հետ իր համագործակցությունն է շարունակում DATAMINE-ը

Համագործակցության վերականգնման ու խորացման նպատակով փետրվարի 6-ին Պոլիտեխնիկ էր ժամանել  DATAMINE միջազգային ծրագրերի գծով կոմերցիոն տնօրեն Սանդիպ Ռեյը: Հյուրին ընդունեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր  Ռ. Աղգաշյանը,  Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վ. Կիրակոսյանը, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ա.  Ֆրանգուլյանը, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանը:

Ս. Ռեյին ողջունեց ռեկտոր Ո. Մարուխյանը. «Ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում մեր համագործակցության ամրապնդման գործում: DATAMINE-ի հետ ձևավորված մեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու ուսումնական գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում մեր համալսարանում արված տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևսպատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»: Այնուհետև ընթացավ գործնական լուրջ խոսակցություն, քննվեցին թե ծրագրի ներդրման հնարավորությունները, թե դրանից ակնկալվող իրական օգուտները:

«Դեռևս 2007-2008թթ. գերմանական «Քրոնիմետ» ընկերության միջոցով  DATAMINE ծրագիրը ներդրվել էր Պոլիտեխնիկում,- նշեց Ա. Հովհաննիսյանը:- Ընկերության կողմից բացվել էր տեխնիկական արդիական միջոցներով հագեցված լսարան,  հրավիրվել էին  միջազգային բարձրակարգ մասնագետներ, ովքեր Պոլիտեխնիկի դասախոսներին հաղորդեցին այս համակարգի հետ կապված իրենց գիտելիքներն ու փորձը: Առարկան 2008 թվականից դասավանդվում է մեր բուհում: Սակայն անցած տարի DATAMINE-ի կողմից մշակվել էր նոր ծրագիր, որը համալսարանի ունեցած համակարգչային միջոցներով  հնարավոր չէր լինի դասավանդել: Դա վերաբերում է թե դասախոսների իմացությանը, ովքեր արդեն վերապատրաստման կարիք ունեն, թե ուսումնական մեթոդներին, թե տեխնիկական միջոցներին, որոնք իրենց դարն ապրել են: Ընկերությունը համագործակցության շրջանակներում տրամադրեց 10 նոր համակարգիչներ, որոնք տեղադրվեցին հիշյալ լսարան-լաբորատորիայում, որի բացումը ևս տեղի ունեցավ այսօր: Կարծում եմ, որ ընկերության ներդրումը կնպաստի Պոլիտեխնիկական համալսարանի առաջընթացին»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը:

«Երբ 10 տարի առաջ «Քրոնիմետ» ընկերության հետ սկսեցինք մեր համագործակցությունը, մեր գլխավոր  նպատակն էր պատրաստել ուսանողներ, ովքեր կաշխատեն Քաջարանում: Որոշակի արդյունք ունեցանք, բայց փոքր: Այս անգամ համագործակցության շրջանակները ավելի լայն են: Մենք համագործակցում ենք  Քաջարանի և Կապանի հանքարդյունաբերական ընկերությունների, նաև Վրաստանի մի շարք ընկերությունների հետ: Պոլիտեխնիկի մասնակցությունը կարևորում եմ նրանով, որ այստեղ պատրաստվում են կադրեր, որոնք լիովին պատրաստ են ծառայել հանքարդյունաբերության ոլորտին: Համոզված եմ, որ  DATAMINE համակարգը խիստ արդյունավետ կդարձնի ոլորտի կառավարման գործընթացը բոլոր օղակներում՝ սկսած ընդերքի երկրաբանական հետախուզումից, վերջացրած  արտադրության ավարտական գործընթացով», -նշեց Ս. Ռեյը: