Պոլիտեխնիկի շրջանավարտներին շնորհվեցին «Սինոփսիս Արմենիա»-ի սերտեֆիկատներ

Պոլիտեխնիկի շրջանավարտներին շնորհվեցին «Սինոփսիս Արմենիա»-ի սերտեֆիկատներ

Փետրվարի 4-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) և գործընկեր համալսարանների համատեղ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողների դիպլոմների հանձման պաշտոնական արարողությունը: Ավարտական հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի շրջանավարտ Գևորգ Գորգիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Հովիկ Մուսայելյանը, Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ղեկավար ու պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Պոլիտեխնիկի և «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի շրջանավարտ Հակոբ Արշակյանը: Նախարարը կիսվեց իր ուսանողական տարիների հիշողություններով, շնորհավորեց շրջանավարտներին և մաղթեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստացած կրթությունը ծառայեցնեն նաև ուժեղ և կայացած երկիր ունենալուն:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը Հայաստանում տեխնոլոգիական համալսարանական կրթական ծրագրերով` նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը:

Պոլիտեխնիկի շրջանավարտներին «Սինոփսիս Արմենիա»-ի սերտեֆիկատները հանձնեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Իր խոսքում ռեկտոր Ո.Մարուխյանը շնորհավորեց շրջանավարտներին, սերտեֆիկատների ստացման կապակցությամբ, խոսեց համալսարան-արտադրություն հաջողված մոդելի մասին և նորանոր հաջողություններ մաղթեց «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը:

Պոլիտեխնիկի շրջանավարտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Հախվերդյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար, նշեց այն կարևոր ձեռքբերումները, որոնք ունեցել է «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտում ուսանելու տարիներին: Ըստ Տիգրանի՝ «Պոլիտեխնիկ-Սինոփսիս» մոդելը, իսկապես տվել է իր սպասված արդյունքը և դրա վկայությունը իրենց գրանցած աշխատանքային հաջողություններն են: