Պոլիտեխնիկում մեկնարկեց «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասաընթացները

Պոլիտեխնիկում մեկնարկեց «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասաընթացները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Ստեղծարար միտք» ծրագրի «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասաընթացները, որը վարում են անգլիացի մասնագետները:

«Ստեղծարար միտք» ծրագրի ՀԱՊՀ համակարգող Ամալյա Մխիթարյանի խոսքով դասընթացները նախատեսված են համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի համար և նպատակ ունի փոխանցելու Բրիտանական թագավորության փորձը տվյալ ոլորտում: «Դասընթացն անցած դասախոսական կազմը փետրվարի 18-ից սկսած կիրականացնի ուսանողական համակազմի վերապատրաստում տվյալ բնագավառում»,-ասաց Ա.Մխիթարյանը:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

Դասընթացը անցկացվում է հունվարի 28-ից փետրվարի 1-ը։

Հայաստանում ստեղծարար ձեռնարկության կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հաշվի առնելով ոլորտում Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը, «Ստեղծարար Միտք» (Creative Speak) ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռնի ձեռք բերել  համապատասխան հմտություններ` բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում: Երկու տարվա ընթացքում մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ կտրամադրվի յուրաքանչյուր միջազգային համագործակցության համար, որոնց համար ներկայացված հայտերը կընտրվեն բաց մրցույթի միջոցով:

Ծրագրով ակնկալվում է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրական և անգլերենի հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել և առաջ մղել սեփական բիզնեսը` միաժամանակ աջակցելով ստեղծարար ոլորտի զարգացմանը, խթանել համագործակցությունը Միացյալ Թագավորության և նշված երկրների մասնագետների միջև: