Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհուրդը ընտրեց նոր նախագահ և քարտուղար

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհուրդը ընտրեց նոր նախագահ և քարտուղար

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում հունվարի 23-ին տեղի ունեցավ Հոգաբարձուների Խորհրդի նոր կազմով նիստ։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Շնորհավորելով Հոգաբարձուների Խորհրդի նոր անդամներին՝ Յու.Սարգսյանը Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Հոգաբարձուների Խորհրդի նախկին նախագահին և քարտուղարին բարեխիղճ աշխատանքի համար, ապա ներկայացրեց Խորհրդի աշխատակարգը և օրակարգը:

Հոգաբարձուների Խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը:

Հ. Մուսայելյանի թեկնածության վերաբերյալ դրական արտահայտվեցին Ո. Մարուխյանը, Յու. Սարգսյանը, Վ. Մելիքյանը, Բ. Ենգիբարյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Դռնոյանը և այլք:

Խորհրդի կողմից որոշում կայացվեց ընտրությունն անցկացնել բաց քվեարկությամբ, որի արդյունքում՝ Հ.Մուսայելյանը միաձայն ընտրվեց ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ: Շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու համար՝ Հ.Մուսայելյանն ընդգծեց, որ համալսարանում կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: «Ես կարևորում եմ համալսարան-մասնավոր հատված համագործակցությունը: Համալսարանի զարգացման համար շատ կարևոր է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակների էլ ավելի բարձրացումը: Այս պահին հիանալի նվիրյալ դասախոսներ կան Պոլիտեխնիկում, ովքեր որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն կարծում եմ, որ այսօր խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում և աշխատել»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ այդ ամենի հիմնական խնդիրն աշխատավարձն է:

Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամ Ամալյա Ալոյանը Հոգաբարձուների Խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց Ուսանողական Խորհրդի Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՄԷԷ 706 խմբի ուսանող Ալեքսանդր Դռնոյանին:

Ա. Դռնոյանը միաձայն ընտրվեց Հոգաբարձուների խորհրդի քարտուղար:

Ապա ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացրեց բուհի 2017-2018թթ. հաշվետվությունը՝ անդրադառնալով բուհին վերաբերող տարբեր խնդիրների:

Ռեկտորը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք ինչպես նախորդ տարիների ցուցանիշների հետ, այնպես էլ ՀԱՊՀ 2016-2020 թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի կողմնորոշիչ ցուցանիշների հետ: Ներկայացվեցին այդ ընթացքում համալսարանի նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Նշվեց, որ այսօրվա իրողություններին համահունչ համալսարանը կարողացել է կատարել կարևոր առաքելություն՝ ապահովելով ֆինանսական կայունություն, որը կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես նաև աննախադեպ դժվարին պայմաններում իրականացրել է բակալավրական կրթական ծրագրի ընդունելություն, ինչի համար արժանին պետք է մատուցվի Ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը։ Ի տարբերություն մյուս բուհերի, չնչին թվով բուհեր են մնացել, որոնք չեն ստեղծել ընդունելության կազմակերպման շուրջտարյա գործող կառույց։ Գիտահետազոտական ոլորտում իրականացվեց բավական ծավալուն ծրագիր և ստեղծվեց «Պոլիտեխնոպարկ», որի ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքները և այդ գործիքամիջոցները համալսարանին պետք է ֆինանսական լուրջ միջոցներ բերեն։

Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացված հաջորդ հարցը վերաբերում էր ՀԱՊՀ 2018թ. ֆինանսական նախնական հաշվետվությանը և 2019թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվներին: Հարցը ներկայացրեց ՖՏՎ պետ, գլխ. հաշվապահ Կ. Խաչատրյանը: Այնուհետ Ո. Մարուխյանը և Կ. Խաչատրյանը պատասխանեցին Խորհրդի անդամների հարցերին:

Հոգաբարձուների խորհուրդը որոշեց հաստատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2017-2018թթ.հաշվետվությունը և 2019թ. ֆինանսական եկամուտների ու ծախսերի նախահաշիվները: