Պոլիտեխնիկը մասնակցել է ամենամյա պատանեկան միջազգային ինժեներական մրցույթի

Պոլիտեխնիկը մասնակցել է ամենամյա պատանեկան միջազգային ինժեներական մրցույթի

Դեկտեմբերի 11-ից 15-ը Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ամենամյա պատանեկան ինժեներական թիմերի միջազգային մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) սաներից բաղկացած երեք թիմերը:

Դեռևս ամռանը ձևավորված երեք թիմերը՝ «ThreeSmart», «SFI» և «PowerEngineers» ներկայացրել են իրենց աշխատանքները մրցութային 8 անվանակարգերից երեքում՝

  1. Թիմ՝ «ThreeSmart», անվանակարգ՝ «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ +» («Перестройка+»)
  2. Թիմ՝ «SFI», անվանակարգ՝ «ԼԱԲԻՐԻՆԹ» («Лабиринт»)
  3. Թիմ՝ «PowerEngineers»,  անվանակարգ՝ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՁԱՅՆԻՑ» («Электроэнергия  из звука»)

Մրցույթի պահանջների համաձայն՝ թիմերի կողմից տրվել են նորարարական լուծումներ, նախագծվել և ստեղծվել իրենց կառուցվածքով ինքնատիպ համակարգեր: Ներկայացված դիմում – հայտերի, տեխնիկական խնդրի ձևակերպման փաստաթղթերի և համակարգի աշխատանքը փաստող տեսահոլովակների ներկայացման արդյունքում երեք թիմերն էլ գերազանց արդյունքներով հաղթահարել են առաջին փուլը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳ նախարարության և ՀԱՊՀ-ի աջակցության շնորհիվ:

Դեկտեմբերի 7-ին հայաստանյան թիմերի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը և ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը իրենց բարեմաղթանքի խոսքն են ուղղել մասնակից թիմերին, ոգևորել նրանց, ցանկացել արժանվույնս ներկայացնել Հայաստանը միջազգային ինժեներական մրցույթին, և հույս հայտնել, որ թիմերը Հայաստան կվերադառնան հաղթանակով:

Դեկտեմբերի 11-ին մեկնելով Սանկտ-Պետերբուրգ, հայաստանյան երեք թիմերը հաջողությամբ հանդես են եկել ստուգատեսի փուլին՝ անցնելով եզրափակիչ փուլ:

Մրցութային առաջին օրը մեկնարկել է Սանկտ-Պետերբուրգի  «Планетарий №1» աշխարհի ամենամեծ պլանետարիումում: Համաձայն մրցույթի ձևաչափի՝ մրցակից թիմերը հրավիրվել են մրցահարթակ՝ առանց իրենց ղեկավարների: Մասնակիցներին տրամադրվել է աշխատանքային միջավայր,  սարքավորումներ՝ հագեցած եռաչափ տպիչներով, տարբեր տեսակի հաստոցներով և այլ գործիքակազմով: Թիմերին համապատասխան անվանակարգերում տրվել են առաջադրանքներ, որոնց լուծումները տրվել են տեղում և ներկայացվել ժյուրիի դատին մրցութային վերջին օրը:

Մրցույթին զուգահեռ, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել հետաքրքիր շոու ծրագրերի, ուղիղ կապ հաստատել տիեզերքում գտնվող ռուս տիեզերագնացների հետ, ովքեր ողջույնի խոսքեր են  ուղղել ICET2018 մրցույթի մասնակիցներին: Մասնակիցներն ականատես են եղել մանկական տեխնիկական նախագծերի՝ «Կվանտորիում-2018» մրցավազքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը  («Марафон открытий детских технопарков «Кванториум» -2018»), որի ընթացքում ուղիղ կապի միջոցով լսել են  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի ողջույնի խոսքը:

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել պատանեկան ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Այս փուլում խմբերը ցուցադրել են իրենց սարքերի հնարավորությունները, յուրահատկությունները և առաջադրված խնդիրը լուծելու  կարողությունը:

Անմիջապես եզրափակիչ մրցույթի ավարտից հետո բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է պաշտոնական ճաշկերույթ:

Համաձայն մրցույթի կանոնների՝ ընտրվել է մեկ բացարձակ հաղթող բոլոր 8 անվանակարգների մեջ: Բացարձակ հաղթող է ճանաչվել «Կույրերին աջակցող» անվանակարգյում ներկայացված լուծումը՝ արժանանալով 1 միլիոն ռուբլի մրցանակի:

Մյուս մասնակից թիմերը պարգևատրվել են մասնակցության պատվոգրերով և մրցանակներով:

Հայաստանը ներկայացնող թիմերը ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, կենտրոնանալով առաջադրված խնդիրների լուծման վրա և արժանացել ժյուրիի բարձր գնահատականի: ՀՀ-ն ներկայացնող երկու թիմերը՝ «SFI»-ը  և «PowerEngineers»-ը արժանացել են երիտասարդ ժյուրիի մրցանակին՝ լավագույն թիմ անվանակարգում, ստացել բազում նվերներ և պատվոգրեր:

8112 | 011710041 | 010520345