Ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր

Ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Սեմերջյանը: «Այս համագործակցությունը մենք դիտարկում և համարում ենք երկրի հետագա զարգացման այս պահից սկսած և դեպի առաջ գնացող մեր տեսլականի կարևորագույն կետերից մեկը: Երբ պարոն Սեմերջյանի հետ քննարկում էինք կրթական և գիտակրթական համակարգի հնարավոր զարգացումները, եկանք այն եզրակացության, որ պարտադիր պետք է կարողանանք համատեղ մի ծրագիր ներկայացնել, որով կկարողանանք դաշտը լրացնել կառավարման հմտություններ ունեցող մասնագետներով և, բնականաբար, շատ ենք կարևորում և ողջունում Պոլիտեխնիկական համալսարանի մասնակցությունն այս ծրագրին»,- նշեց Արմեն Դարբինյանը՝ վստահություն հայտնելով, որ երկու համալսարանների հսկայական ներուժի ներդրման շնորհիվ կստեղծվեն երկրի համար անհրաժեշտ և շահավետ ուսումնական ծրագրեր:

Հուշագրի նպատակն է «Բիզնես վարչարարության մագիստրոս» որակավորմամբ «ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանս» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրումը, որը կունենա երկու կրթական հոսքեր՝ ՏՏ և նորարարական տեխնոլոգիաներ ու Ֆինանսներ և բանկային գործ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հայտնել է, որ բարձր վարկանիշ ունեցող Հայ-ռուսական համալսարանի հետ տասը տարի առաջ համատեղ ծրագիր է իրականացվել և կասկած չկա, որ այս մեկը նույնպես հաջողություն կունենա: «Ես կարծում եմ, որ մեծ պատիվ է մեր երկու համալսարանների համար նմանօրինակ պատվավոր առաքելություն վերցնել իր վրա և Հայաստանի կրթական համակարգում ներդնել համագործակցության արդյունքում ձևավորվող այսպիսի կրթական ծրագիր»,- ընդգծել է նա: «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Սեմերջյանն էլ իր հերթին ներկայացրել է տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ կրթական ծրագիրը մեծ պահանջարկ կունենա Հայաստանում: