Պոլիտեխնիկցի ուսանողուհին շախմատի 8-րդ միջազգային բաց առաջնությունում գրավել է 1-ին տեղը

Պոլիտեխնիկցի ուսանողուհին շախմատի 8-րդ միջազգային բաց առաջնությունում գրավել է 1-ին տեղը

Ընդամենը 5 տարեկան էր, երբ հայրը՝ մասնագիտությամբ պատմաբան, Սոնային շախմատ խաղալ սովորեցրեց: Այն ժամանակ Սոնան դեռևս չէր գիտակցում, որ շախմատը կդառնա իր կյանքի անբաժան ուղեկիցը, ում հետ բերկրանքի բազում պահեր կապրի և կտոնի շատ հաղթանակներ:

Ընդունվեց Երևանի Հ. Հայրապետյանի անվան օտար լեզուների թեքումով թիվ 78 դպրոցը: Դպրոցական առօրյան հետաքրքիր էր, բոլոր առարկաներն էլ սիրում էր: Սովորում էր գերազանց առաջադիմությամբ Դպրոցում անգլերեն, նաև ֆրանսերեն էին անցնում: Սոնային գրավում էր  նաև իսպաներենը: Փորձեց ինքնուրույն սովորել նաև իսպաներեն և լավ արդյունքի հասավ: Դասերին զուգընթաց նաև հաճախում էր շախմատի դպրոց, մասնակցում մրցումների: Եվ հաջողությունը նրան երկար սպասեցնել չտվեց: 2008 թվականին, երբ Սոնա Ասատրյանը դեռևս 5-րդ դասարանի աշակերտուհի էր, մասնակցեց Հայաստանի Հանրապետության շախմատի մինչև 10 տարեկանների մրցաշարին և վաստակեց չեմպիոնի կոչումը: Իհարկե շատ հուզիչ, նաև պարտավորեցնող էր նման բարձր տիտղոսի արժանանալը: Եվ Սոնան ավելի մեծ ոգևորությամբ էր շարունակում շախմատային իր պարապմունքները, որոնք ներդաշնակորեն մեկտեղում էր դպրոցական դասերի հետ: Հատկապես շատ էր սիրում մաթեմատիկան և ֆիզիկան, որոնց հանդեպ տածած սերն էլ նրան առաջնորդեց ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) հենակետային վարժարան:

Գերազանց առաջադիմությամբ ավարտեց վարժարանը և ընդունվեց Պոլիտեխնիկի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ:

Այժմ Սոնան Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցման տեխոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողուհի է: Սովորում է գերազանց առաջադիմությամբ:  Մեծ ոգևորությամբ և եռանդով շարունակում է նաև շախմատի պարապմունքները: Այստեղ ևս նա ունի մեծ ձեռքբերումներ ու հաղթանակներ, որոնց շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հնչել և հնչելու են Հայաստանի և Պոլիտեխնիկի անունները: Սոնայի համար անմոռաց է 2017թ. Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից մեկնած պոլիտեխնիկցի ուսանողուհի Սոնա Ասատրյանը այստեղ մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Հաղթանակի դափնիները Սոնային միաժամանակ ուրախություն և հպարտություն էին պատճառում: Նաև զգում էր, որ համառ, քրտնաջան աշխատանքը իզուր չի անցել:

2018 թ. Մալթայում կայացած շախմատի 8-րդ միջազգային բաց առաջնությունուն ևս Սոնա Ասատրյանը նվաճեց հաղթանակ: Աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրների գրեթե 200 մասնակիցների մեջ՝ կանանց հաշվարկում, պոլիտեխնիկցի ուսանողուհին գրավեց առաջին տեղը՝ արժանանալով Առաջին մարցանակի և դրամական պարգևի:

Շնորհավորում ենք Սոնային հաղթանակի առթիվ և ցանկանում նորոնոր մարզական և գիտակրթական ձեռքբերումներ:

8112 | 011710041 | 010520345