Պոլիտեխնիկը և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը» կհամագործակցեն

Պոլիտեխնիկը և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը» կհամագործակցեն

Դեկտեմբերի 4-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, համագործակցության համաձայնագիր կնքվեց  Պոլիտեխնիկական համալսարանի և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի» միջև:

Ըստ պայմանագրի՝ Պոլիտեխնիկը և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը»  կիրականացնեն համատեղ գործունեություն՝ գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների, կրթության, փորձագիտական, հետազոտական, խորհրդատվական ու գիտաարտադրական բնագավառներում:

Համաձայնագրի կնքման նպատակը համատեղ գործունեությունն է, կրթության և գիտության զարգացումը, գիտահետազոտական աշխատանքների ու կրթական բարեփոխումների իրականացումը և արդիականացումը: Այն Պոլիտեխնիկի «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտացմամբ սովորող ուսանողներին հնարավորություն կտա «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» անցկացնել պրակտիկաներ, լաբորատոր և գործնական պարապմունքներ, կազմակերպել փորձարարական, գիտական, հետազոտական և կրթական համատեղ աշխատանքներ և այլն:

«Ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք այս պայմանագիրը, որը ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանի կատարած աշխատանքի արդյունքն է: Սրանով մեծ հնարավորություններ են բացվում մեր ուսանողների համար: Համատեղ գործունեությունը փոխշահավետ է և դրա հետագա զարգացումն ու ամրապնդումը ծառայում է կրթության և գիտության զարգացմանը», -նշեց Ո. Մարուխյանը:

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի» տնօրեն Մ. Ադամյանը ևս հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ և կլինեն նոր համագործակցություններ ևս:

Համաձայնագրի ստորագրումից հետո Ո. Մարուխյանը ևս մեկ հաճելի արարողություն իրականացրեց՝ համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ վաստակագրեր հանձնեց Պոլիտեխնիկի մի խումբ աշխատակիցների: Ռեկտորը  համոզմունք  հայտնեց, որ պարգևատրված աշխատակիցները կշարունակեն լավագույն կերպով ծառայել երիտասարդ մասնագետների պատրաստման գործին։