«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում

Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ. դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը:

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ջեյմս Թրուշարդի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ջեյմս Թրուշարդին շնորհվեց ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում:

Այս մրցանակով համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն: Սկսած 2009 թվականից, մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ՝ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Ջեյմս Թրուշարդը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպեց ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:

Հանդիսավոր արարողությունը բացեց ՀԱՊՀ  ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ով իր ներածական խոսքում ասաց. «Ամենաջերմ մաղթանքներս եմ հղում մեր հյուրին: Անչափ ուրախ եմ ՏՏ ոլորտում բարձր հեղինակություն ունեցող այս անձնավորությանը ընդունել Պոլիտեխնիկում: Պոլիտեխնիկը, լինելով երկրի առաջատար գիտատեխնիկական բուհը, անչափ կարևորում է տեխնիկական կրթության դերը Հայաստանի գիտահեն տնտեսության կառուցման գործում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիրներին Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց` համաշխարհային ՏՏ ոլորտում իրենց կատարած բացառիկ ներդրման համար, այլև հնարավորություն ենք ընձեռում բուհի ուսանողներին ու դասախոսական կազմին անձամբ հանդիպելու ՏՏ ոլորտը առաջնորդող համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի հետ և քննարկելու այդ ոլորտում իրենց հուզող և հետաքրքրող հիմնահարցերը: «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ մեր համագործակցությունը նոր որակ և բովանդակություն է հաղորդել մեր բուհի հետազոտական և գիտական աշխատանքներին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ջեյմս Թրուշարդը. «Ես ուրախ եմ, որ մեր ընկերությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ Հայաստանում ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների ստեղծման ծրագրեր է իրականացնում։ Ինձ համար գերագույն հաճույք է լինել այս համալսարանի պատերի ներսում և գնահատված ու ճանաչված զգալ: Անչափ տպավորված եմ Հայաստանի հյուրընկալությունից, ջերմությունից: Հպարտ եմ, որ գտնվում եմ մի երկրում որը աշխարհին կարող է օրինակ ծառայել իր վերածնումով»:

Ջեյմս Թրուշարդը հանդես եկավ մասնագիտական կարճ զեկուցմամբ բուհի աշխատակիցների, հետազոտողների, դասախոսական անձնակազմի և ուսանողների համար: Այնուհետև բուհի ղեկավորության և ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանի ուղեկցությամբ նա այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, որի ներդրումների մի մասը ապահովել է հենց «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը: Ծանոթացավ  լաբորատորիաներում սովորող ուսանողների հետ, ովքեր սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսիք են գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը: