Պոլիտեխնիկը տոնում է հիմնադրման 85-ամյակը

Պոլիտեխնիկը տոնում է հիմնադրման 85-ամյակը

«Երկրի տեխնոլոգիական առաջատար բուհը եղել է և պարտավոր է լինել արդիականության պահանջները բավարարող, մյուս կողմից  արդիականության պահանջները ձևավորողը» :

Ո. Մարուխյան

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 85 տարեկան է:

Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս ամիսներ առաջ՝ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակներին նվիրված հանդիսավոր ու բազմաբովանդակ միջոցառումներով։ 

85-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ամփոփումը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին՝ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությամբ, որն ազդարարեց նաև Հայաստանի Առաջին Հանրապե­տու­թյան 100-ամյակին և Հայաստանի ազգային պոլիտեխնի­կա­­կան հա­մալսարանի 85-ամյակին նվիրված տարեկան գիտա­ժո­ղո­վի բացումը։

Պոլիտեխնիկը, իր կամարների ներքո համախմբել էր ոչ միայն բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, այլև տարբեր բնագավառներում առաջատար դիրքեր զբաղեցնող պոլիտեխնիկցիներին։

Հոբելյանական միջոցառումամը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրմաի տնօերն Բագրատ Ենգիբարյանը և այլք:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոև Ո. Մարուխյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը համապարփակ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, կատարված աշխատանքները: «Պոլիտեխնիկի զարգացման տրամաբանությունը պետք է բանաձևել և որը ըստ էության հանգում է հետևյալին՝ երկրի տեխնոլոգիական առաջատար բուհը եղել է և պարտավոր է լինել արդիականության պահանջները բավարարող, մյուս կողմից արդիականության պահանջները ձևավորողը:  Հայ ժողովրդի թերևս առաջին առանձնահատկություններից է ուսումնատենչությունը, որ հազարամյակներ շարունակ մնացել է անփոփոխ, այսօր էլ հայ ծնողները, հաղթահարելով անասելի դժվարություններ,  իրենց ենթարկելով երբեմն անիմաստ զրկանքների՝ ձգտում  են զավակներին  հնարավորինս բարձր  կրթության տալ։ Այդպես էր նաև Պոլիտեխնիկի հիմնման պահին․ թեև Երևանում արդեն մեկ տասնամյակից ավելի գործում էր  Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, բայց հայ ծնողներն իրենց զավակների համար ոչինչ չխնայելով որոշ մասնագիտությունների գծով կրթության էին ուղարկում նույնիսկ Մոսկվա և Պետերբուրգ։

Պոլիտեխնիկին հաջողվել է պահանջարկված լինել, լինել նույնիսկ ամենաճգնաժամային պահերին՝ պատերազմներից ու համաճարակներից քայքայված երկրի ածխացած հողի վրա հառնելու 1930-ականներին, երբ ռեկտորներից մինչև անխոնջ դասախոսներ գնդակահարվում ու աքսորավայրեր էին քշվում, Երկրորդ աշխարհամարտի  տարիներին ու դրանից հետո, երբ սովի ճիրաններում հայտնված պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը կիսաքաղց ու կարկատած հագուստով շարունակում էր իր ազգային տեսիլքին հավատարիմ մնալ, Արցախյան հայրենական պատերազմի ու շրջափակման ամենամռայլ և ամենահերոսական շրջանում, երբ հին ու նոր պոլիտեխնիկցիները թե՛ առաջին գծում էին, թե՛ նոր զինատեսակներ ստեղծելու գործին լծված։ Ճակատագրի բարեհաճությամբ՝ այդ զինատեսակների գյուտարարներից, ինչպես նաև զենքը ձեռքին  Արցախյան առաջնագծում եղածներից էր Ալեքսանդր Թամանյանի լուսահոգի թոռը՝ Ալեքսանդր Թամանյան Կրտսերը, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ Հայոց հողն է մեր միակ ու իրական խարիսխը, կենսատու ավիշը։

Այսօր, չնայած երկրից տեխնիկական մտքի խոշոր արտահոսքին, առավել ևս առկա են Պոլիտեխնիկի գյուտարարության ու արդիականացված մտքի թե պահանջարկը, թե նախկինից որպես ավանդույթ մնացած նվիրման իրացման հնարավորությունը։

Այսօր քիչ կգտնվեն ժամանակակից աշխարհի առաջնակարգ գիտական ու կրթական օջախներ, արդյունաբերական ու արտադրական հսկաներ, լավագույն հեռահաղորդակցման ու տեխնոլոգիական ինստիտուտներ ու լաբորատորիաներ, ուր որևէ պոլիտեխնիկցի չլինի։ Խնդիրն այս հաղթարշավի արագությունները համաշխարհային արագությունների ներդաշնակելն ու ազգային կից պետական տեսլականի ի նպաստ ուղղորդելն է», – մեջբերեց ռեկտորը։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր մասնագիտություններով ու մասնագիտացումներով Հայաստանի արդյունաբերության տարեգրությունն է և ժամանակային քարտեզը։ Վերջին 85 տարվա ընթացքում դրանք մեկը մեկին համընկնում են։ Կարելի է նայել, թե կոնկրետ այսինչ կամ այնինչ թվականին որքան ուսանողությամբ և ինչ բաժիններ է ունեցել Պոլիտեխնիկը, և հստակ պատկերացում կազմել այդ ընթացքում հանրապետության տնտեսական առաջնահերթությունների, Հայաստանի արտադրական պոտենցիալի մասին» – ասաց Ո. Մարուխյանը։

Իր զեկույցում ռեկտորը անդրադարձավ նաև Քառօրյա պատերազմին, որին Պոլիտեխնիկից մասնակցել է 105 ուսանող։ Պոլիտեխնիկը տվեց տասնյակ վիրավորներ և երկու զոհ՝ Կարեն Ներսիսյանը և Արամ Աբրահամյանը։ Շատերն արժանացան ԼՂՀ և ՀՀ պարգևների։ «Ճիշտ է, 2016թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սկսեց գործել հրադադարի ռեժիմը, սակայն տասնամյակներ ձգվող պատերազմը դեռ չի ավարտվել, և փորձության շեփորը կարող է հնչել ամեն վայրկյան, քանի դեռ  համապարփակ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Ուստի Պոլիտեխնիկը, խորապես գիտակցելով իր առաքելության մի կարևոր մասը, զարկ է տալիս անօդաչու թռչող սարքերի մշակմանը և, ինչու ոչ, արտադրությանը։ Պոլիտեխնիկը ոչ միայն պատրաստ է այս արծիվ տղաների պես նոր սերունդներ տալու Հայրենիքի պաշտպանությանը, այլև երկրի սահմաններն առավել անխոցելի դարձնելու համար իր 85-ամյա փորձառությունն ու գիտական նորացող միտքն ի սպաս դնելու», – նշեց Ո. Մարուխյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել, Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահը, մասնակիցը լինել Պոլիտեխնիկում կատարվող աշխատանքներին, կիսել հոգսերը, ուրախանալ այն հաջողություններով, որոնք գրանցում է Պոլիտեխնիկական համալսարանը: Պոլիտեխնիկը մի համալսարան է, որն ունեցել է փառահեղ անցյալ, և կունենա նույնքան փառահեղ ապագա», – ասաց Սամվել Նիկոյանը:

ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ևս շնորհավորեց Պոլիտեխնիկին. «Այսօր Պոլիտեխնիկը ներկայանում է իր կազմակերպված ներուժով և կարևոր դեր է խաղում Հայաստանի կրթության և գիտության համակարգում: Բուհն ունի կադրային և կազմակերպչական հսկայական ներուժ, զարգացման հստակ ծրագրեր», -նշեց Ս. Հարությունյանը:

Շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրեն Կարեն Հարությունյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը և այլք:

Կրթության և գիտության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ Ոսկե մեդալներով,  պատվոգրերով, ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալներով, վաստակագրերով և շնորհակալագրերով:

Ավարտին պոլիտեխնիկցիները, հյուրերը և ներկաները «Պոլիտեխնիկ» բենդի երաժշտության հնչյունների ներքո շնորհավորեցին միմյանց հոբելյանական միջոցառումների առթիվ: