Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ՝ Պոլիտեխնիկի ուսանողներին

Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ՝ Պոլիտեխնիկի ուսանողներին

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի` Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Մարինկա Բաղդասարյանը, Կարեն Արզումանյանը, Արեգ Գրիգորյանը, Ռուբեն Աղգաշյանը, ինստիտուտների տնօրեններ, ուսանողներ և այլք:

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը իր ելույթում նշեց Հարություն Գելեջյանի կատարած բարեգործությունների մասին, տեղեկացնելով, որ 2016թ. հուլիսի 4-ին բարերարի առաջարկությամբ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորողների ինտելեկտուալ ներուժի զարգացման, խթանման, հասարակական և ուսումնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով սահմանվեց  ՀԱՊՀ ուսանողներին նվիրատու Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ, որի աղբյուր են հանդիսանում Հ. Գելեջյանի կողմից ՀԱՊՀ-ին նվիրաբվերած 100000 ԱՄՆ դոլար գումարի՝ ՀՀ բանկային համակարգում ավանդադրված տոկոսները: Բարերարի ցանկությամբ կրթաթոշակ կարող են ստանալ նաև Վանաձորի մասնաճյուղի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ բակալավրի, մագիստրոսի առկա ուսուցման կրթական ծրագրերով սովորող ուսանողները: Ինչպես նշեց Ոստանիկ Մարուխյանը,  Հ. Գելեջյանը համեստ և երախտապարտ անձնավորություն է և մեծ օրինակ մեր բուհի բոլոր ուսանողների համար:

Շնորհավորելով կրթաթոշակ ստացած ուսանողներին՝ ռեկտորը ցանկացավ նրանց մեծ հաջողություններ և ձեռքբերումներ:
Կրթաթոշակի արժանացան 30 պոլիտեխնիկցի ուսանողներ՝ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտից, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտից, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտից, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետից, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետից, Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետից,Վանաձորի մասնաճյուղից:

Հարություն Գելեջյանը ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի շրջանավարտ է: Մասնագիտական կրթությունը ստացել է որպես ինժեներ-մեխանիկ:
1981թ. Հ. Գելեջյանը ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ և աշխատանքային քսան տարիների ընթացքում՝ իր  աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դառնում է ամերիկյան հայտնի կորպորացիայի առաջատար ճարտարագետ: