Հանդիպում Պոլիտեխնիկում՝ Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում

Հանդիպում Պոլիտեխնիկում՝ Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում

Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF) շրջանակներում հոկտեմբերի 30-ին ՀԱՊՀ  Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում կայացավ հանդիպում ֆորումի մասնակիցների և պոլիտեխնիկցիների միջև:

Գլոբալ ինովացիոն եռօրյա ֆորումի կազմակերպիչներն են  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)  և Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիան (ASDA):

Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF) հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունը,  Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծեն Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Գիտության և  գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ՀԱՊՀ  Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ղեկավար Օլեգ Գասպարյանը, Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավետիսյանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող Ամալյա Մխիթարյանը դասախոսներ, ուսանողներ:

Հանդիպմանը մասնակցում էին  նաև արտերկրյա տեխնոլոգիական, կրթական ու ինովացիոն մի շարք ոլորտների ներկայացուցիչներ,  արհեստական բանականության, ռոբոտիկայի, կենսաբանության եւ տվյալագիտության առաջատար մասնագետներ, գիտնականներ, նորարարներ: Զեկուցումներով հանդես եկան Ռոման Յամպոլսկին՝ Լուիսվիլ համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ),   Թիագո Մարինոն՝  գիտությունների թեկնածու Իլինոյսի համալսարանում (ԱՄՆ), Ռեն Ջիանը՝ UBTECH ռոբոտաշինական ընկերության ռազմավարության գլխավոր պատասխանատու (Չինաստան):  Համակարգողն էր Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի Ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի տեխնիկական անձնակազմի անդամ Արմեն Դերկևորկյանը  (ԱՄՆ):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության ոլորտներին վերաբերող հարցեր: Ներկայացվեց  տեղական և համաշխարհային փորձը, ծավալվեցին  գործնական քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և առաջարկվեցին լուծումներ Հայաստանը միջազգային շուկայում որպես նորարար երկիր ճանաչելի դարձնելու նպատակով: