«Կայուն զարգացում և էներգետիկա» խորագրով միջազգային համաժողով՝ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին

«Կայուն զարգացում և էներգետիկա» խորագրով միջազգային համաժողով՝ նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Կայուն զարգացում և էներգետիկա» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Այն իրականացվում է ՀԱՊՀ 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Միջազգային գիտաժողովի նպատակն է հանրությանն իրազեկել էներգետիկայի ժամանակակից մարտահրավերների մասին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը:

Գիտաժողովին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ինչպես նաև Հայաստանի ինժեներական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը, Արտեմ Պետրոսյանը՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը,  «Գազպրոմ Հրազդան 5» հիմնարկի գլխավոր տնօրեն Կարեն Սարգսյանը, Երևան ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Արկադի Գևորգյանը, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը,: Գիտաժողովին ներկա էին նաև  Տելեմակ Հովակիմյանը՝ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲ ընկերությունից, էներգետիկայի ոլորտի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արտերկրից հյուր էին՝ Վլադիմիր Բրեդովը՝ «Ռոսատոմ» սերվիսից, Անդրեյ Գագարինսկին` Կուրչատովի ինստիտուտ գիտահետազոտական կենտրոնից, Ջոն Գրոսսը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության միջազգային կենտրոնից, Կիրիլ Կուցենկոն՝ «Միջուկային հետազոտական համալսարան»-ից (ՄԻՖԻ), Բարտա Շանդորը՝ Ռումինիայի Բիո էներգաարդյունավետության կլաստերից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարինե Վարդանյանը և այլք:

Հյուրերին և գործընկերներին ողջունեց Պոլիտեխնիկի ռեկտոր Ո. Մարուխյանը.  «Շնորհակալ ենք, որ արձագանքեցիք և եկաք մասնակցելու մեր կազմակերպած երկօրյա գիտագործնական համաժողովին, որը նվիրված է ինժեներական կադրերի դարբնոց Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին: Հարգելի գործընկերներ էներգիայի արտադրումը և օգտագործումը հանդիսանում է էկոնոմիկայի զարգացման և, ցավոք,  նաև կլիմայի փոփոխության հիմքը երկրի վրա: Այդ իսկ պատճառով էներգետիկայի հետ կապված հարցերը որոշիչ դեր են խաղում այսօր ողջ աշխարհում, մարդկության ապագան ուղղակիորեն կախված է էներգետիկ տեխնոլոգիաների զարգացումից: Հուսով եմ, որ այսօր մեկնարկած  համաժողովը իր լուման կունենա վերը նշված հարցերի լուծման դժվարին, բայց պատվաբեր գործում: Ռեկտորատի անունից մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ, մաղթում՝ բովանդակալից աշխատանքային օրեր և արդյունավետ քննարկումներ» – նշեց Ո. Մարուխյանը։

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանին հանձնեց պատվավոր դիպլոմ` Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ ընտրվելու կապակցությամբ։

Ելույթ ունեցավ նաև Անդրեյ Գագարինսկին` Կուրչատովի անվան գիտահետազոտական կենտրոնից, ով շնորհավորեց 85-ամյա Պոլիտեխնիկին՝ կատակելով, որ իր տարիքում միշտ հաճելի է շնորհավորել նրան, ով իրենից մեծ է: «Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների թիվը պարզապես ֆանտաստիկ է, դա մեծ պոտենցյալ է:  Կուրչատովի անվան գիտահետազոտական կենտրոնը ձեր համալսարանը համարում է «մեծ եղբայր» և հպարտանում»,-նշեց նա: Ա. Գագարինսկին ՀԱՊՀ հոբելյանի առթիվ շնորհավորեց ռեկտոր Ո. Մարուխյանին և հանձնեց հուշանվեր:

Գիտաժողովի ընթացքում մասնագետները հանդես եկան Էներգետիկայի կայուն զարգացման և միջուկային էներգետիկայի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով: