Ինժեներական նախագծերի ցուցահանդես «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Ինժեներական նախագծերի ցուցահանդես «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը, որը կազմակերպվել է Հայասանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների և ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ջանքերով:

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 3-րդ մասնաշենքին և Ինովացիոն կենտրոնին հարող տարածում տեղի ունեցավ ինժեներական նախագծերի ցուցահանդես:

Ցուցահանդեսի կազմակերպումը Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում  հիանալի միջոց է՝ խրախուսելու  Պոլիտեխնիկի ուսանողներին և Ավագ դպրոցի աշակերտներին` իրենց ուսմանը զուգահեռ՝ զբաղվելու նորարարությամբ, հետաքրքիր և նոր գաղափարների իրականացմամբ, ճարտարագիտական հմտությունների ձևավորմամբ:

Ցուցահանդեսին ներկայացված էին պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների, ասպիրանտների, շրջանավարտների և ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտների մշակած նորարարական նախագծերը, տեխնոլոգիաները և ռոբոտները:

Ցուցահանդեսին ներկա էին ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ռեկտոր Ո. Մարուխյանը ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին և նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպումը խիստ պատվաբեր նախաձեռնություն է  Պոլիտեխնիկի համար, քանզի մեր համալսարանը համարվում է Հայաստանում տեխնոլոգիական կրթության առաջատարը: «Դուք այստեղ ականատես կլինեք մեր ուսանողների ինժեներական մտահղացումների ոչ այնքան մեծ թվաքանակին, որը այսօր հնարավոր է եղել այստեղ ներկայացնել: Սակայն ոգևորիչ է, որն այսօր այստեղ ներկա են նաև այն մտահղացումների նյութականացված տարբերակները, որոնց  հեղինակներից ձևավորված 3 թիմերը միջազգային մրցույթում անցել են եզրափակիչ»: Ռեկտորը կոչ արեց Ավագ դպրոցի աշակերտներին և Պոլիտեխնիկի բոլոր ուսանողներին ծանոթանալ ներկայացված ցուցանմուշներին և ներգրավվել այն հորձանուտի մեջ, որը ստեղծում և իրականացնում է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ողջ աշխատակազմը՝ Ամալյա Մխիթարյանի գլխավորությամբ:

ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանը ևս ելույթ ունեցավ՝ վստահեցնելով ուսանողներին, որ այսօր Պոլիտեխնիկական համալսարանը ստեղծել է որակյալ կրթություն ստանալու համար լավագույն պայմանները: Նա ցանկացավ, որ ուսանողները ավելի ակտիվ մասնակցեն իրականացվող միջոցառումներին, նախագծերին, որոնք իրականացվում են համալսարանում: Բուհում արվում է ամեն ինչ կրթական ծրագրերը լավագույնս իրականացնելու համար,-նշեց Ա. Մխիթարյանը:

Ինժեներական նախագծերի ցուցահանդեսին ներկայացված էին  ստեղծարար,  հետաքրքիր լուծումներով նմուշներ: Ավագ դպրոցի՝ ռոբոտաշինության խմբակի աշակերտներ Մկրտիչ Հարությունյանի, Դավիթ Դանիելյանի և Բագրատ Խաչունցի «Խելացի քարշակ» նախագիծը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Հետաքրքրական էին նաև Գրիգորյան Լյուսիի և Կնյազյան Լևոնի նախագծած «Ալկոհոլի դետեկտորը», Սարգսյան Հովիկի «Ական որոնող ռոբոտը», Անտոնյան Սամվելի և Ալեքսանյան Խաչատուրի «Լուսադիոդային կուբը» և այլն: