Պոլիտեխնիկում մեկնարկեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը

Պոլիտեխնիկում մեկնարկեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը, որը կազմակերպվել է Հայասանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների և ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ջանքերով:

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում Պոլիտեխնիկում նախատեսվում է իրականացնել միջոցառումների մի ամբողջ շարք, որտեղ յուրաքանչյուր աշակերտ և ուսանող կգտնի այն, ինչն ավելի կհետաքրքրի իրեն:

Հոկտեմբերի 15-19-ին Պոլիտեխնիկի և այլ բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միմյանց հետ, ներկայացնելու իրենց  ձեռքբերումները, ինչպես նաև փոխանակվել գաղափարներով և փորձով: Տեխնոլոգիական շաբաթը  կարող է նաև հարթակ ստեղծել ներդրումների համար:

«Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում այցելել և ծանոթանալ համալսարանում առկա ենթակառուցվածքներին, մասնակցել ինժեներական նախագծերի ցուցահանդեսին, դառնալ նորարարական գաղափարների մրցույթի մասնակից և առաջարկել իրենց ինովացիոն գաղափարները:

Այս ամենը կուղեկցվի վարպետաց դասերով, սեմինարներով, հետաքրքիր հանդիպում քննարկումներով: Ձեռներեցության օրվա շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ընկերությունների հիմնադիր տնօրենների և այլոց հետ, տալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Այս միջոցառման արդյունքներից կազմակերպիչները ակնկալում են ձեռք բերել գործարար կապերի հաստատման և նոր գաղափարների իրագործման տեսանկյունից նոր հնարավորություններ։

Այսօր՝ «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում, ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտները և պոլիտեխնիկցի ուսանողները եղան համալսարանի մի շարք կենտրոններում և լաբորատորիաներում:

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ այցի նպատակն էր ծանոթանալ արդի մասնագիտություններին և սովորել աշխատել տարբեր սարքավորումներով: Ուսանողներն ու աշակերտները շրջայցի ընթացքում ծանոթացան լաբորատոր ստենդներին, ուսանողների կողմից ստեղծված նախագծերին և փորձեցին գործնականում կիրառել տեսական գիտելիքները: Լաբորանտ Մերի Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական ինժեներ Ազատուհի Ուլիկյանի օգնությամբ ծանոթացան մի քանի հիմնական էլեկտրական տարրերի, դրանց ֆունկցիաների և պայմանական նշանների հետ: Կրթական ինժեներների օգնությամբ աշակերտները հավաքեցին պարզագույն էլեկտրական շղթաներ և փորձարկեցին դրանք:

Այնուհետև ուսանողները եղան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող նորաբաց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում հիմք է դրվում անօդաչու սարքերի նախագծա-կոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմանը, ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, հետաքրքրվեցին կենտրոնում առկա անօդաչու թռչող սարքերով:

ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում լաբորանտներ Ներսես Ներսիսյանը և Անուշիկ Դարբինյանը ուսանողներին ներկայացրեցին, թե որքանով է կենտրոնը նպաստում  երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցում տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Մասնակից ուսանողները և աշակերտները ծանոթացան շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգին: Իմացան, որ  «Վիկոն» համակարգը թույլ է տալիս բարձր ճշտությամբ գրանցել անօդաչու սարքի կամ ռոբոտի դիրքը՝ փոխարինելով GPS-ին։ Այն զգալիորեն արագացնում է հետազոտությունները՝ թույլ տալով լաբորատորիայում իրականացնել այնպիսի փորձեր, որոնց համար անհրաժեշտ կլիներ գնալ բաց դաշտ՝ համակարգի բացակայության դեպքում։

Ուսանողները շրջեցին նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ՝ որպես Գերազանցության կենտրոններ: Կենտրոնի տնօրեն Վարուժան Առաքելյանի ուղեկցությամբ ծանոթացան արդյունաբերական համագործակցության հնարավորություններին՝ ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը:

Այնուհետև ուսանողները շրջեցին ՀԱՊՀ Ինովացիոն կենտրոնում: Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը անձամբ ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի հետ: Նրանք եղան փորձագիտական կենտրոնում, ինովացիոն ծառայության տարածքում, նորաբաց լաբորատորիաներում դիտեցին ներկայացված սարքերը, ծանոթացան կատարված աշխատանքներին և հետաքրքրվեցին ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության մասին:

Վստահաբար կարող ենք ասել, որ «Բաց դռների օր»-ը որպես միջոցառման մեկնարկը հաջողված էր, քանի որ այն  մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների և ուսանողների շրջանում՝ ցանկություն առաջացնելով ավելի մոտիկից ծանոթանալ ճարտարագիտական առարկաներին, հատկապես սխեմատեխնիկային: