Պոլիտեխնիկը մասնակցում է «Դիջիթեք Էքսպո-2018» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին

Պոլիտեխնիկը մասնակցում է «Դիջիթեք Էքսպո-2018» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 5-ին, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց Հայաստանի ՏՏ ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «ԴիջիԹեք էքսպո-2018»-ը: Եռօրյա տեխնոլոգիական տոնից անմասն չէ նաև Պոլիտեխնիկական համալսարանը, որը «ԴիջիԹեք էքսպո-2018»-ին ներկայացել է «Ինժեներական քաղաքում», ինչի շնորհիվ ընկերությունները, միավորումները և ուսանողների ստեղծած աշխատանքները դասակարգված էին ոչ թե  առանձին այլ միասնական՝ ըստ ուղղվածությունների:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ովքեր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ ծանոթացան պոլիտեխնիկցիների  աշխատանքներին ևս: Ռեկտորը նշեց, որ նման միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է:  «ԴիջիԹեք-ին մասնակցելը արդեն դարձել է ավանդական և բնականաբար այն բազմապրոֆիլ մասնագիտական ուղղությունները, որոնք մեզ մոտ իրականացվում են, հստակորեն առնչություններ ունեն այս ոլորտի հետ: Ինձ համար կրկնակի հպարտություն է, որ այս տարի ներկայացված շատ աշխատանքների մեջ մեր ուսանողական համակազմը ունի իր արժանի ներդրումը: Բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները հաջողությամբ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների խողովակով մասնակցություն են ունենում այսպիսի միջոցառումներին»,-նշեց Ո. Մարուխյանը:

Այս տարի ՀԱՊՀ-ն ներկայացել է արդիական 5 ուղղությամբ` հեռահաղորդակցության և 5G, վարորդներին աջակցող տարատեսակ լուծումներով, արտադրական առարկաների ինտերնետ, պաշտպանական ու տիեզերագնացության և կիսահաղորդչային թեստավորում:

 «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառումը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը:

Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

«Այս տարի ևս ԴիջիԹեքը ունի միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաև WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երևանում են Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի անդամները, ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար»,- նշել է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 «ԴիջիԹեք էքսպո-2018» եռօրյա ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է:
Այստեղ են հավաքվում ՏՏ ոլորտի առաջատարներն ու տեխնո հասարակությանը ներկայացնում շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները;
Ցուցահանդես կայցելեն պաշտոնական պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Կանադայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից և Վրաստանից:

Հոկտեմբերի 5-ից 7-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում Պոլիտեխնիկի ներկայացված աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք հետևել մեր սոցցանցային հաշիվներին կամ այցելել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր: