Ինժեներական կրթության կազմակերպչական հիմնախնդիրները. ներկան և ապագան

Ինժեներական կրթության կազմակերպչական հիմնախնդիրները. ներկան և ապագան

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ  ՀԱՊՀ Գիտական խորհրդի  ընդլայնված արտահերթ նիստ:

Օրագարգում մեկ հարց էր՝ Ինժեներական կրթության կազմակերպչական հիմնախնդիրները. ներկան և ապագան: Այս հարցի շուրջ ելույթներ ունեցան ՀԱՊՀ պրոռեկտորները:

Նիստին մասնակցում էին ՀԱՊՀ գործընկեր և պատվիրատու բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ:

Նախքան օրակարգային հարցի վերաբերյալ պրոռեկտորների կողմից ներկայացվող զեկուցումներին անդրադառնալը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ այս հարցի քննարկումը պլանավորված էր: Այն արտահայտված է նաև ՀԱՊՀ Ստրատեգիական պլանի որոշակի նպատակային, թիրախային կետերում՝ առանձին զեկուցումների ձևով անդրադառնալու ինժեներական կրթության տարբեր փուլերի կրթական ծրագրերի թարմացմանը, վերակազմավորմանը:

Սակայն մեկ այլ հանգամանք առիթ հանդիսացավ հրավիրելու Գիտական խորհրդի արտահերթ նիստ և անդրադարձ կատարելու ՀՀ ԿԳ նախարարին ուղղված Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գ․Մակարյանի գրությանը։ Գրությունն ուղղակիորեն թիրախավորել էր ՀԱՊՀ-ին և ՃՇՀԱՀ-ին՝ նշելով, որ այս 2 բուհերում արժանի ձևով չեն իրականացվում կրթական ծրագրերը, մասնավորապես, մագիստրոսի կրթական ծրագիրը գրեթե 25%-ով է տարբերվում բակալավրի կրթական ծրագրից, ձևավորվում են փոքրաթիվ խմբեր, որտեղ լիարժեք ուսումնական գործընթաց չի իրականացվում։ «Բնականաբար, համալսարանը չէր կարող անդրադարձ չունենալ այս խնդրի շուրջ, ուստի այսօր հրավիրվել են համալսարանի հիմնական գործատուները և ակնկալում ենք՝ իրենց խոսքը կասեն համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ: Շատ կարևոր է, թե ինչպիսին է գործատուների արձագանքը համալսարանում ուսումնառություն ստացած և իրենց մոտ աշխատանքի անցած շրջանավարտների գիտելիքների մակարդակի վերաբերյալ: Բնավ չենք բացառում, որ գործատուները կարող են ներկայացնել նաև որոշակի այնպիսի դրվագներ, թերություններ, որ համալսարանին կարող են օգտակար լինել՝ ծրագրերի հետագա բարելավման գործում»,-նշեց ռեկտորը։

Այնուհետև իրենց զեկուցումներով հանդես եկան ՀԱՊՀ պրոռեկտորները:

Կ. Արզումանյանը ներկայացրեց համալսարանի զարգացման դեռևս 2011-2015թթ. Ստրատեգիական պլանի համաձայն ՀԱՊՀ-ում իրականացված բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային վերանայման և նոր ծրագրերի ներմուծման եռափուլ գործընթացը` ըստ կոմպետենցիաների տեսքով ձևավորված վերջնարդյունքների: Ներկայացվեցին նաև այս գործընթացի իրականացման իրավական հիմքերը և գործիքամիջոցները, ծրագրային փաթեթների բովանդակությունը, բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ՀԱՊՀ-ում իրականացվող մասնագիտությունների և կրթական ծրագրերի ուսումնական պլանների համեմատական վերլուծությունը։

Ա. Գրիգորյանը ներկայացրեց ասպիրանտուրայի ուսումնական պլանը, որի համաձայն համալսարանում պատրաստվում են բարձրագույն որակավորման ինժեներական և գիտական կադրեր։ Նշվեց, որ ուսումնական պլանը կազմված է նոր մեթոդոլոգիայով, սկզբունքներով և, որպես հիմք ընդունվել է ՀՀ ԿԳ նախարարության առաջարկած օրինակելի պլանը։ Պլանն ունի տրամաբանական երկու բաղադրիչ՝ ուսումնական (կրթական) և գիտական, մանրամասն ներկայացվեցին այդ բաղադրիչները։

Ռ. Աղգաշյանն իր ելույթում անդրադարձավ կրթության որակի հարցերին՝ նշելով, որ շատ կարևոր է որակը դիտարկել միջազգային ասպարեզում ընդունված ընդհանուր չափանիշների տեսանկյունից։ Համալսարանում իրականացվող կրթության բարձր որակի լավագույն վկայությունն են հանդիսանում համալսարանի ստացած թե´ 2 մասնագիտություններով առանձին ծրագրային, և թե´ ինստիտուցիոնալ հավատարմագրումները։ Տեղեկություն տրվեց նաև արտերկրի համալսարանների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական 11 կրթական ծրագրերի վերաբերյալ։

Քննարկումներին մասնակցեցին և ելույթ ունեցան նիստին հրավիրված գործատուները:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Մուսայելյանը նշեց, որ գործատուների հետ հանդիպումը բուհի համար միշտ արդյունավետ է, տալիս է հնարավորություն գործատուին կիսվելու հաջողություններով առկա մտորումներով։ Բուհի արդյունավետ գործունեության հիմնական ցուցանիշը վիճակագրությունն է այն մասին, թե ավարտելուց հետո շրջանավարտները որքանով են պահանջարկված իրենց ոլորտներում: Այսօր կարող ենք արձանագրել, որ «Սինոփսիս Արմենիա»-ում սովորող Պոլիտեխնիկի բոլոր շրջանավարտները աշխատում են ընկերությունում։ Եթե մենք ասենք, որ ամեն ինչ նորմալ է և չկան խնդիրներ, ապա ճիշտ չի լինի, խնդիրներ կան, ուստի մենք հաճախ ենք հանդիպել բուհի ղեկավարների հետ՝ քննարկելով տարաբնույթ հարցեր, զգալով փոխադարձ հոգածություն և պատրաստակամություն։ Ներկայումս մեր ընկերության պահանջարկը գերազանցում է բուհի հնարավորությունները։ Պետք չէ այսօր ահազանգել, որ բուհերը բավարար կադրեր չեն պատրաստում, այլ պետք է ահազանգը հնչեցնել գործատուների շրջանում, մասնավոր ընկերությունների հատվածում, նրանք պետք է շահագրգռված լինեն և թակեն բուհի դռները։

«ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կ. Հարությունյանը նշեց, որ իրենց ընկերությունում միշտ աչքի են ընկել հատկապես պոլիտեխնիկական կրթությամբ մասնագետները։ Շատ կուզենար, որ ՀՀ բուհերը նույնպես հայտնվեին աշխարհի լավագույն բուհերի ցանկում։ Մի քանի տարի առաջ «Շնայդեր էլեկտրիկ», «Տաշիր գրուպ» ընկերությունների հետ համատեղ սկսվեց իրենց համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ, որի արդյունքում հրաշալի կենտրոններ ստեղծվեցին: Անցյալ տարի «ՀԷՑ»-ը և «Տաշիր գրուպը» բարձր կրթաթոշակ են վճարել 55 ուսանողների, իսկ այժմ ամփոփելով այս տարվա արդյունքները և նույնիսկ խստացնելով պահանջները, այդ ուսանողների թիվը հասել է 81-ի։ Յուրաքանչյուր գործատու իր հնարավորությունների սահմաններում պետք է աջակցի բուհերին:

«Շնայդեր էլեկտրիկ» ՀՆ տնօրեն Ա. Քալանթարյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտորատին, որ կնքվեց համագործակցության հուշագիր, որտեղ նշվեցին համագործակցության բոլոր ուղղությունները, այդ թվում՝ «Գերազանցության» կենտրոնների ստեղծումը՝ շեշտադրումը դնելով ԷԷ ինստիտուտի վրա։ Ավելի ուշ «Տաշիր» ընկերությունների խումբը հանձնառություն վերցրեց լայնածավալ վերանորոգումների վերաբերյալ, ինչի շնորհիվ այսօր Պոլիտեխնիկը հանդիսանում է լավագույն համալսարաններից մեկը։ Պարզ դարձավ, որ կենտրոնը հանդիսանալու է մի վայր, որտեղ էներգետիկ ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ ձեռքի տակ ունենալով ամենաժամանակակից սարքավորումներ։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Ա. Բալդրյանը նշեց, որ ՏՀՏ ոլորտը շատ զգայուն է ինժեներական կրթության նկատմամբ, և իրենք միշտ քննադատաբար են մոտեցել և´ բուհի ծրագրերին, և´ կադրերին։ Այստեղ կարևորն այն է, որ կա բանավեճ գործատուների և բուհի միջև, ինչպես նաև կան համագործակցության շատ լավ օրինակներ, ինչը միակ ճանապարհն է Պոլիտեխնիկը դարձնելու շատ ավելի բարձր մակարդակի, քան հիմա է։

Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթսի» գլխավոր տնօրեն Ա. Սալաթյանը նշեց, որ իրենց ընկերությունը շատ գոհ է Պոլիտեխնիկն ավարտած աշխատակիցներից, որոնք լավ պատրաստված, լեզուների իմացությամբ, համաշխարհային շուկաները գրավելու նպատակ ունեցող, հաղթող, պատվերներ բերող աշխատակիցներ են։ Պոլիտեխնիկը պետք է հզորանա ու մեծանա և ավելի շատ պրոֆեսոնալ ինժեներներ պատրաստի։

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լ. Մեջլումյանը նշեց, որ իրենց ընկերությունը շուրջ 20 տարի շահագործում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Երկարատև համագործակցությունը ՀԱՊՀ-ի հետ 2017թ. իր ամփոփումն ունեցավ կնքված հուշագրով և այս հուշագրի շարունակությունն ու համագործակցության ակտիվացումը եղան ընկերությունում անցկացվող պրակտիկաները, որոնք ոչ թե պարզապես պրակտիկա էին, այլ աշխատանք, վարձատրություն, կոլեկտիվում ընդգրկում։ Ընկերության բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների 40%-ն ունեն պոլիտեխնիկական կրթություն։

«Վալլեքս» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Թ. Կարապետյանը հավելեց, որ իրենց ընկերությունը լեռնամետալուրգիական ոլորտի մասնագետների խիստ կարիք ունի։ Պատրաստ են համագործակցության շրջանակներն էլ ավելի ընդլայնել։

«Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրենի օգնական Ց. Գրիգորյանը նշեց, որ իրենց մոտ կան կադրեր, ովքեր բակալավրական կրթությունը ստացել են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում, իսկ մագիստրոսական կրթությունը՝ Երևանի կրթահամալիրում, և նրանք այսօր շատ կարևոր պաշտոններ են զբաղեցնում։

UNIDO-ի Հայաստանյան ներկայացուցիչ Ա.Սիմոնյանն ասաց, որ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը շատ մեծ հետաքրքրություն ունի ինժեներական և տեխնիկական կադրերի նկատմամբ։ Մենք աշխատում ենք գործատուների միության հետ, ինչը վերլուծությունների և ինֆորմացիայի փոխանակում է։ Բոլորը Պոլիտեխնիկական համալսարանը պետք է դիտեն որպես տեխնիկական մայր բուհ։ Այսօրվա դրությամբ շատ կարևոր է գիտատեխնիկական բազան, դասախոսների վերապատրաստումը և այլն։

«Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Զաքարյանը նշեց, որ գործարանի 670 աշխատակիցներից 170-ը պոլիտեխնիկցիներ են, այդ թվում՝ 5-ը գիտությունների թեկնածուներ և բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են պոլիտեխնիկցիները։ Ինքը 12 տարի առաջ ընդունվել է գործարան՝ որպես հալման տեղամասի վարպետի օգնական, իսկ այժմ արդեն գործարանի գլխավոր տնօրենն է, ինչը Պոլիտեխնիկում ստացած կրթության արդյունքն է։

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ․Ենգիբարյանն ասաց. իրեն բախտ է վիճակվել այլ կողմից համագործակցել Պոլիտեխնիկի հետ։ Շատ երկար տարիներ առաջ Պոլիտեխնիկի վաստակաշատ աշխատակիցների հետ փորձել ենք ստեղծել նոր մոդելներ՝ ներգրավելով միջազգային կազմակերպություններ, և շատ հպարտ եմ, որ նրանցից շատերը այսօր մտել են համաշխարհային շուկա։ Պոլիտեխնիկը հնարավորություն է տալիս նաև տեխնոլոգիական տեսակետից զարգացնել մարզերը։ Պետք է ուսուսի տալ և օգնել Պոլիտեխնիկի ղեկավարությանն ու դասախոսական կազմին, քանի որ խնդիրները շատ-շատ են։ Պետք է հետևողականորեն գնալ այն նպատակի հետևից, որը ուզում է ժողովուրդը և զարգացնել Հայաստանը»,-նշեց Բ. Ենգիբարյանը։

«Հայ-Թեք գեթվեյ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ս․Ջաղացպանյանը նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտներ են, մեծացել է պոլիտեխնիկական դաստիարակությամբ և ինքն էլ նույնպես ՀԱՊՀ շրջանավարտ է։ 2 տարի առաջ հիմնել է իր ընկերությունը Վանաձորում և առաջին ընկերությունն է, որը տեղակայված է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Սկսել է մենակ, իսկ 2 տարի անց արդեն ունեն 54 աշխատակից։ Պոլիտեխնիկը ուսանողների մեջ ներդնում է ինժեներական մշակույթը, մտածելակերպը, քանի որ մարդ ինչքան խելացի ու աշխատասեր լինի, եթե ուզում է լավ ինժեներ դառնալ, պետք է ստանա ինժեներական, անալիտիկ մտածելակերպ։ Իրենք աշխատանքի են ընդունում նաև ուսանողների և թույլ են տալիս մասնակցել դասընթացներին։ Ուսանողների հետ անցկացվում է նաև եռամսյա վճարովի պրակտիկա, որի արդյունքում ուսանողներն ընդունվում են ընկերությունում աշխատանքի։ Շատ կցանկանար, որ ուսումնական պլանում ներառվեր «Մեքենայական ուսուցում» առարկան։

ԱԷԿ-ների շահագործման ԳՀԻ-ի գլխավոր տնօրեն Վ. Պետրոսյանը նշեց, որ իրենց ընկերության կադրերի 70-80%-ը Պոլիտեխնիկի շրջանավարտներ են և իրենք շատ գոհ են այդ կադրերից։ «Վերջին տարիներին հաճախ ենք շփվում արտասահմանյան մասնագետների հետ, և տեսնում ենք, որ երբ մասնագետը գալիս է ձեռնարկություն, և գործատուն որոշ չափով բավարարում է նրա սոցիալական վիճակը, ապա նա շատ արագ աճում է և չի զիջում միջազգային մակարդակին։ Աշխարհում այսօր շահագործվում է 448 ռեակտոր, 65-ը գտնվում են կառուցման փուլում։ Աշխարհում խիստ պահանջարկ կա Միջուկային էներգետիկայի մասնագետների։ Շատ շնորհակալ ենք Պոլիտեխնիկի դասախոսներին՝ բարձրորակ շրջանավարտներ տալու համար։ Սեպտեմբերի 1-ին մեր ընկերությունն ընդունել է 4 աշխատակիցների, որոնցից 3-ը պոլիտեխնիկցիներ են։ Նրանք կապված են Պոլիտեխնիկի հետ, առանց որի չեն կարող գոյություն ունենալ։

ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ինստիտուտի տնօրեն Ն. Թորոսյանը նշեց, որ ինքը որպես հրավիրյալ մասնագետ և ՊՔՀ-ի նախագահ մասնակցել է մագիստրոսական կրթական ծրագրով ավարտական քննություններին և կարող է ասել, որ այն խնդիրներն ու առաջադրանքները, որոնք դրված են մագիստրատուրայի ուսանողների առջև, էականորեն տարբերվում են բակալավրիատի ուսանողների առջև դրված խնդիրներից ու առաջադրանքներից։ Այս տարի ստորագրվեց մի հուշագիր՝ նոր համատեղ կրթական ծրագիր կազմակերպելու վերաբերյալ: Մեր քննարկման արդյունքում կներկայացնենք այն մասնագիտությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են Պաշտպանության նախարարությանը և բխում են ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դիմագրավման պահանջից։ Խոսքը գնում է ռազմաարդյունաբերական կադրերի պատրաստման մասին է։ Պոլիտեխնիկի և´ գիտաուսումնական բազան, և´ պրոֆեսորադասախոսական կազմը, և´ գործընկերները կնպաստեն որպեսզի պատրաստվեն բարձրորակ կադրեր և օժանդակեն մեր երկրի առաջընթացին։

ԷԷ ինստիտուտի մագիստրոս Ա. Դռնոյանը նշեց, որ արդեն 6-րդ տարին է, ինչ ուսանում է համալսարանում։ Վերջին 3 տարիներին ԷԷ ինստիտուտում տեղի են ունեցել աննախադեպ փոփոխություններ՝ ստեղծվել են գերազանցության 2 կենտրոններ, որոնք  ուսանողներին տալիս են շատ մեծ հնարավորություններ:  Ուսումնական գործընթացը դառնում է ավելի հաճելի և մոտիվացնող։ Խոսվեց բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի տարբերության մասին, սակայն նմանատիպ կենտրոնների և լաբորատորիաների ստեղծմամբ այդ տարբերությունները կարող են էլ ավելի մեծանալ և առաջին գիտական քայլերը կարող են ուսանողները կատարել այդ կենտրոններում՝ ժամանակակից սարքերի օգնությամբ կատարելով որոշակի գիտական աշխատանքներ։ Շփում ունենալով տարբեր համալսարանների ուսանողների հետ կարելի է վստահ նկատել, որ բոլոր հարթակներում Պոլիտեխնիկի ուսանողները ցուցաբերում են բարձր ինտելեկտ, տարբերվող տրամաբանություն։

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Ա. Գևորգյանը նշեց, որ  պոլիտեխնիկական կրթություն ստացած աշխատակիցները էապես առանձնանում են մյուս բուհերում կրթություն ստացած աշխատակիցներից՝ իրենց աշխատանքով, ստացած կրթության որակով, հետազոտական մոտեցումներով։

Ամփոփելով ելույթները՝ ռեկտոր Ո.Մարուխյանը մասնավորապես նշեց, Պոլիտեխնիկը կայացել է, գոյություն ունի և զարգանալու է: Եվ անօգուտ է այս հաստատությանը շեղել իր ընտրած ուղուց։ Մեկ անգամ ևս ռեկտորը հիշեցրեց վերջին 3 տարվա ընթացքում համալսարանում ձևավորված առաջնակարգ կենտրոնների, լաբորատորիաների մասին, ՀԱՊՀ Ավագ դպրոցի ձեռք բերած չտեսնված բարձր վարկանիշի, քոլեջում իրականացված աննախադեպ ընդունելության մասին, Պոլիտեխնիկի  շրջանավարտի  շռայլ  նվիրաբերության  մասին,  ինչը  վկայում  է Պոլիտեխնիկի ղեկավարության նկատմամբ եղած մեծ վստահության մասին։ Այդ տարիների ընթացքում «Յուքոմ»-ը և «Ռոստելեկոմ Հայաստան»-ը իրենց ներդրումն են ունեցել համալսարանում, միջազգային համագործակցության շրջանակներում 41 ուսանողներ ստացել են կրկնակի դիպլոմներ։ Այս հաստատությունը մեկ կամ երկու անձի սեփականություն չէ, այլ Հայաստան պետության, հայ ժողովրդի, այն պետության կայացման մեջ էական դերակատարություն ունեցող կառույց է։ Ունենք պոլիտեխնիկցի գեներալներ, հրամանատարներ, հասարակական, պետական  քաղաքական գործիչներ, ովքեր շարունակում են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Գործատուներն արժևորեցին այս հաստատությունը։ Շնորհակալություն այն անձանց, ովքեր հարգեցին հրավերը և հավատարիմ մնալով պոլիտեխնիկցու կոչմանը՝ եղան արդարացի ու անկեղծ։

Այնուհտև Պոլիտեխնիկի ռեկտորը ներկայացրեց իր տեսլականը համալսարանի հետագա զարգացման վերաբերյալ: