Պոլիտեխնիկի և «Ռուսալ Արմենալ» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Պոլիտեխնիկի և «Ռուսալ Արմենալ» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և  «Ռուսալ Արմենալ» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Ընդերքաբանություն և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտություն ֆակուլտետի դեկան Արտաշես Թադևոսյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից արարողությանը ներկա էին ընկերության ղեկավարությունը՝ տնօրեն, Պոլիտեխնիկի շրջանավարտ Ա. Զաքարյանի գլխավորությամբ:

Ե՛վ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, և՛ «Ռուսալ Արմենալ» ընկերության գլխավոր տնօրեն Ա. Զաքարյանը իրենց խոսքում նշեցին, որ պայմանագրի ստորագրումը իրավական հաստատումն է գործնական համագործակցության, որը վաղուց կա երկու կառույցների միջև:

«Ռուսալ Արմենալ»-ի հետ պայմանագրի կնքումը հնարավություն կտա Ընդերքաբանություն և մետալուրգիայի, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետների և Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտների բազայի հիման վրա մասնագետների պատրաստման գործում գործնական համագործակցության համար:

Պայմանագրով նախատեսվում է՝ թափուր հաստիքների առկայության դեպքում Պոլիտեխնիկի շրջանավարտներին ապահովել աշխատանքով, փոխհատուցել համալսարանին լրացուցիչ դասընթացների և վերապատրաստման կազմակերպման հետ կապված ծախսերը, ապահովել ուսանողների արտադրական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպումը ձեռնարկությունում, ինչպես նաև կուրսային և ավարտական աշխատանքներ իրականացնել   «Ռուսալ Արմենալ» ընկերության աշխատակիցների ներգրավմամբ:

Այցի շրջանակներում ՀԱՊՀ և Ռուսալ Արմենալ» ընկերության ղեկավարության ուղեկցությամբ շրջայց կատարվեց «Ռուսալ Արմենալ»-ի արտադրամասերում: Ա. Զաքարյանը ՀԱՊՀ ղեկավարությանը ներկայացրեց արտադրամասերի գործունեությունը, ժամանակակից սարքավորումներն և հաստոցները: Ո. Մարուխյանը և Ա. Զաքարյանը քննարկեցին արտադրության արդյունավետության բարձրացման և տեխնոլոգիական գործընթացների բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Շրջայցը հնարավություն տվեց, որ գիտության այս ճյուղի գործունեությունն ավելի ընկալելի ու մատչելի դառնա հատկապես ուսանողների համար:

Ա. Զաքարյանն նշեց, որ իրենց ընկերության կայացման գործում մեծ է Պոլիտեխնիկի դերը։ «Մեր ընկերությունում այսօր շատ պոլիտեխնիկցիներ են աշխատում, և կարծում եմ՝ մեր նոր համագործակցությունը հնարավորություն կտա այս պատերից դուրս ևս շատ ծրագրեր իրագործել։ Պոլիտեխնիկի շրջանավարտները մեր ընկերության համար անգնահատելի են»-ասաց Ա. Զաքարյանը:

«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը ստեղծվել է «Քանաքեռի ալյումինի գործարան»-ի հիմքի վրա, հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 70 երկրներում: