Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալվել էին Էքս-Մարսել համալսարանի 6 դասախոս և «Հիգիենայի որակ», «Անվտանգության որակ» և «Շրջակա միջավայրի որակ» մասնագիտություններով մագիստրատուրայի 2018 քննաշրջանի ավարտական խմբի 22 ուսանող:
Էքս-Մարսել համալսարանի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մեկ շաբաթով` մագիստրոսական ավարտական թեզերի պաշտպանության կազմակերպման և մեր երկրին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը գլխավորում էր Որակի պրոֆեսիոնալ մագիստրատուրայի կրթության պատասխանատու պրոֆեսոր Իզաբել Փոուլիքենը: Նշենք, որ Էքս-Մարսել համալսարանի համար ավանդույթ է յուրաքանչյուր տարի մի երկրում ավարտական թեզերի պաշտպանությունը անցկացնել Ֆրանսիայից դուրս մի որևէ այլ երկրում:
Պոլիտեխնիկում ավարտական թեզերի բաց պաշտպանություները կայացան սեպտեմբերի 20-ին՝ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Ավարտական մագիստրոսական թեզերը վերաբերում էին որակին, անվտանգությանը, քիմիային, հիգիենային, շրջակա միջավայրին, մենեջմենթին, ստանդարտիզացիային, լոգիստիկային և այլն: Ուսանողական խումբը բազմազգ էր, բազմալեզու և միջոցառումների աշխատանքային լեզուն ընտրվեց ֆրանսերենը:
Համաձայն ֆրանսիական կողմի ձևաչափի՝ ժամանած ֆրանսիացի դասախոսներից բացի, պաշտպանության յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ է ընտրվում տեղային կառույցներից մեկական ներկայացուցիչ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ընտրվեց «Ռոբոտատեխնիկա» լաբորատորիայի գիտաշխատող Սարիկ Ղազարյանը:
Դիտարկվեցին մագիստրոսական ավարտական թեզեր՝ նվիրված 22 տարբեր ազգային և վերազգային կազմակերպությունների հիգիենայի, անվտանգության ու շրջակա միջավայրի որակին: Ուսանողները ունեին փայլուն տեսական գիտելիքներ և կատարել էին գործնական աշխատանքներ գործատու կազմակերպությունում, հիանալի պատրաստված էին, ինչը ապացուցեցին իրենց ելույթներով:
Հուսանք, որ նման միջոցառումները կնպաստեն հայ-ֆրանսիական կապերի պահպանմանը և կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում որակի մասնագիտությամբ համալսարանական ծրագրերի ստեղծմանը: