«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովի բացումը

«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովի բացումը

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարանները:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել  12 երկրների ներկայացուցիչներ:

Գիտաժողովը բացեց տ.գ.թ., դոցենտ Տիգրան Փարիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Պոլիտեխնիկական և Ամերիկյան համալսարաններին գիտաժողովի հրավիրման և անցկացման համար: Տ. Փարիկյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր հովանավորներին և մասնակիցներին:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Հարգելի  գործընկերներ, տիկնայք և պարոնայք, այսօր մեկնարկում է Պոլիտեխնիկի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքացանկը: Խորհրդանշական եմ համարում, որ այն սկսվում է մեր համալսարանի հնաբնակ և հիմնադիր մասնագիտություններից մեկի գծով միջազգային գիտաժողովով: 85-ամյա Պոլիտեխնիկի պատմության մեջ մեքենաշինական մասնագիտությունները ունեցել են անգնահատելի դերակատարություն: Ես հպարտ եմ, որ այսօր այս միջազգային գիտաժողովն է բացում հոբելյանական միջոցառումների շարքացանկը: Այդ առիթով համալսարանի Ռեկտորատի և Գիտական խորհրդի կողմից հղում եմ ջերմ ողջույններ և մաղթում արգասաբեր աշխատանք: Ուսումնասիրելով այսօրվա գիտաժողովի խորագիրը՝ «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» և հպանցիկ ծանոթացումը զեկուցումների հետ ինձ մոտ ձևավորվում է կարծիք և լիահույս եմ, որ այս միջազգային գիտաժողովը դառնալու է այն գիտակրթական հարթակը, որտեղ տարբեր երկրների տեխնիկական համալսարանների, հետազոտական կենտրոնների, մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների հետազոտողները իմի են բերելու իրենց նվաճումները, ծանոթանալու են և սերտ համագործակցման հնարավորություն են ստանալու: Այդ առումով պետք է հատուկ ընդգծեմ, որ այսօրվա գիտաժողովի զեկուցները ոչ միայն ներկայացնում են այսօրվա ձեռքբերումները, այլև փորձում են ստեղծել բնագավառի ապագայի տեսլականը: Խորագրի այն չորս բառերը՝ նախագծում,  մոդելավորում, փորձարկում և արտադրում, վկայում են այն մասին, որ գիտաժողովի մասնակիցները ունեն իրենց ասելիքը այստեղ, ունեն այն հիմնախնդիրների լուծման ուղիները, որոնք հնարավորություն կտան և կխթանեն մեզ մոտ մեքենաշինության ոլորտում երբեմնի հզոր մեքենաշինություն ունեցող հանրապետության կարողությունների որոշակի խթանման համար: Լիահույս եմ նաև, որ գիտաժողովը կդառնա ավանդական, տեղի կունենա այնպիսի միջավայրում, որը մենք կհամարենք պոլիտեխնիկական ինովացիոն զարգացման կենտրոնում ստեղծված և նրա գործիքամիջոցները օգտագործող միջոցառում: Շնորհակալանքի խոսքս եմ հղում Ամերիկյան համալսարանին կազմակերպչական ջանքերի և սիրահոժար հյուրընկալման համար»: Ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեին և «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական գործակալությանը միջոցառման կայացմանը լրջորեն աջակցելու  համար: Ռեկտորը նշեց նաև, որ մենք գնում ենք պոլիտեխնիկական լավագույն ավանդույթների վերականգնման ճանապարհով և այդ առումով այսօրվա գիտաժողովը ապացույցն է այն ճիշտ ուղեգծի, որ որդեգրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և համոզմունք հայտնեց, որ այդ ուղեգծի ճշգրիտ պահպանումը միայն և միայն լինելու է ի շահ Պոլիտեխնիկի վարկանիշի բարձրացման:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և փոխանցեց Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանի ուղերձը. «ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն կարևորում է գիտության այս բնագավառը և մշտապես աջակցում է նմանատիպ միջոցառումներին: Հատկանշական է, որ նման թեմայով միջոցառում է կազմակերպվել և ողջունելի է, որ կազմակերպողները առաջատար բուհերից են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ամերիկյան համալսարանները: Մեր երկիրը տեխնիկական գիտությունների ոլորտում միշտ էլ առաջատար է եղել: Այսօր ևս այս ոլորտը համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Պոլիտեխնիկական համալսարանը իր անցած ուղով  ուրույն տեղ ունի Հայաստանի արդի գիտական կյանքում: Իրականացվող բազմաբնույթ գիտական և  հետազոտական ծրագրերը, անձնակազմի բարձր մասնագիտական որակավորումը, գիտնականների աշխատանքի արդունավետության բարձր ցուցանիշները, բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպված հոդվածների քանակը և դրանց որակը, միջազգային ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները իրենց անմիջական ազդեցությունն ունեն երկրի գիտական համակարգի զարգացման գործում: Բուհը, գրեթե միշտ, ակտիվորեն մասնակցում է Գիտպետկոմի կողմից կազմակերպվող տարաբնույթ մրցույթներին, ծրագրերին: Մեզ համար շատ կարևոր է ներհանրապետական բուհական համակարգերի  փոխգործակցությունը, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների փոխգործակցությունը: Այս առումով ողջունելի է, որ Պոլիտեխնիկի և Ամերիկյան համալսարանի համագործակցությունը, քանի որ Ամերիկյան համալսարանը միջազգային մակարդակի կրթություն տվող առաջատար բուհերից է: Ընդհանրապես նման միջազգային գիտաժողովները հնարավորություն են տալիս միջազգային փոխշահավետ համագործակցության»:

Ներկաներին ողջունեց նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Պատմեց, որ համալսարանի ստեղծման շարժառիթը Սպիտակի երկրաշարժն է եղել: Այնուհետև համալսարանը դարձավ միակ հայկական ուսումնական հաստատությունը, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը։ «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան ժամանեցի մի շարք սեյսմիկ ինժեներների հետ՝ օգնելու աղետի գոտու վերականգնմանը։ Ապա 1989 թվականին երկրորդ անգամ եկա Հայաստան, որպես Բերկլիի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնի պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյան, հանդիպեցի Յուրի Սարգսյանի՝ այն ժամանակվա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի հետ, ով ասաց,  որ արևմտյան մոդելի տեխնիկական համալսարան պետք է հիմնադրվի Հայաստանում, ինչը մեծապես կխթանի կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում։

Առաջարկությունն ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Ապա համալսարան ստեղծելու մեր առաջարկը ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Երկու հզոր հաստատություններ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Կալիֆորնիայի համալսարանը (ԿՀ) հետաքրքրված էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ստեղծման գործընթացով։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը (այժմ կրթության և գիտության նախարարություն) առաջարկեց ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն համալսարանի համար, չնայած Հայաստանի 1989-1991 թվականների անհանգիստ քաղաքական և տնտեսական պայմանների։ Համալսարանի հիմնադրման ծախսերի զգալի մասը կատարվեց ՀԲԸՄ կողմից։ Երբ Կալիֆորնիայի համալսարանը առաջարկեց իր աջակցությունը համալսարանի հիմնադրման գործում, ԿՀ-ի նախագահ Դավիթ Գարդները ստեղծեց աշխատանքային խումբ, որպեսզի գնահատվի ԿՀ-ի և ՀԱՀ-ի միջև կապ ստեղծելու հնարավորությունը։ 1990 թվականին, երբ աշխատանքային խումբը այցելեց Հայաստան Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր հյուրերը փակ քվեարկությունում միաձայն քվեարկեցին ՀԱՀ-ը ԿՀ-ի մասնաճյուղ դառնալու օգտին։ Այս գործընթացի հետևանքով, այժմ էլ ԿՀ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն և իր փորձն է փոխանցում ՀԱՀ-ին, ինչպես նաև համագործակցում է ՀԱՀ-ի հետ դասախոսական անձնակազմի պատրաստման գործում։ Սեպտեմբերի 21-ի անկախության հռչակագրից հետո ՀԱՀ-ն սկսեց ուսուցումը առաջին 101 ուսանողների հետ»:

Նախագահ Ա. Տեր-Կյուրեղյանը նշեց, որ համալսարանում արդեն գործում է ինժեներական հետազոտությունների կենտրոն, որ ուսումնասիրում է տարբեր ուղղություններ, ինչը նշանակում է, որ Ամերիկյան համալսարանը հետաքրքրված է տեխնիկական առարկաներով, քանի որ դա է պահանջում Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես նշեց Տ. Փարիկյանը, «Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովը ձգտում է դառնալ վեհաժողով՝ համախմբելով մեքենաշինության ոլորտի, արդյունաբերական ձեռնարկությունների և տեխնիկական համալսարանների հետազոտողներին և պրակտիկ մասնագետներին: Բազմապրոֆիլ ծրագրերի և միջազգային լայն ընդգրկման շնորհիվ, գիտաժողովը կարող է խթան հանդիսանալ հաղորդակցական և կրթական հարթակի ստեղծման համար, ինչպես նաև նպաստել համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և տարբեր երկրների արդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության և կապերի զարգացման համար: