Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Սա Ա. Հարությունյանի առաջին այցն էր Պոլիտեխնիկ:

Նախարար Ա. Հարությունյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Ռ. Աղգաշյանը, Ա. Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ շրջեցին գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում հիմք է դրվել անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմանը:

Կենտրոնի գիտական ղեկավար Օ.Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Շրջայցի ժամանակ նախարար Ա. Հարությունյանին ներկայացվեց, օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը՝ համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Ռեկտոր Ո.Մարուխյանը նշեց, որ ամենաարդիական սարքավորումներով կահավորված այս կենտրոնի ստեղծումը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Ա. Հարությունյանը եղավ նաև ՀԱՊՀ «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակում», շրջեց  կենտրոնում և ծանոթացավ դրա հնարավորություններին: Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմինե Ավետիսյանը նշեց, որ կենտրոնը Պոլիտեխնիկի հերթական ծրագիրն է, որի շրջանակում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար շատ կարևոր կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը:

Նախարարին ներկայացվեց, որ  ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ ծրագրային միջոցառումներ՝ կազմակերպվել է նորարարությունների դպրոց, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքետինգի գծով, ինչպես նաև ձեռք են բերվել աննախադեպ ու եզակի սարքեր: ՀԱՊՀ-ն ձեռք է բերել արևային մարտկոցների անալիզատոր (տեստեր), տպասալիկների պատրաստման, դրանց վրա էլեկտրոնային տարրերի տեղադրման ու մոնտաժման կիսաավտոմատ սարք, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների լաբորատորիայի համար գնվել են հանրահայտ FLUKE (Ֆլյուկ) ընկերության եզակի վերլուծական սարքերը։

Այնուհետև նախարար Ա. Հարությունյանը այցելեց ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն: Նախարարը շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված «Գերազանցության» կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնը թույլ է տալիս ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ է ստեղծում էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։

Այնուհետև նախարարը եղավ ՀԱՊՀ 10-րդ մասնաշենքում տեղակայված Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում: Շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով:

Հաջորդիվ ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը ներկայացրեց Ինովացիոն կենտրոնում վերջերս բացված «ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատոր»-ը: Նա նշեց, որ ինկուբատորի աշխատանքներն ուղղված են լինելու ինչպես երիտասարդների նորարարական գաղափարների աջակցմանը, այնպես էլ բուհ-շուկա հարաբերությունների զարգացմանը: Ինկուբատորի առաքելությունն է աջակցել ստարտափների և նորարար խմբերի բիզնես գաղափարների զարգացմանը հարմարավետ միջավայր` գիտելիքներ, խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Այնուհետև նախարարը ծանոթացավ 3 տարբեր ստարտափների՝ «Ճամպրուկները տեղափոխող խելացի համակարգ»-ի, «Ղեկին գտնվող մարդկանց համար աչքի դեդեկտոր»-ի և «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական սարք»-ի համահեղինակների հետ, ովքեր առաջինն են օգտվում ինկուբատորի ընձեռած հնարավորություններից:

Այցի ավարտին ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակություն հայտնեց նախարարին այցելության համար: