Պոլիտեխը մենք ենք

Պոլիտեխը մենք ենք

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը զարգացել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985թթ. հասել իր զարգացման գագաթնակետին` ունենալով 25000 ուսանող և 65-ից ավելի մասնագիտություններ, դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումական հաստատությունը և Խորհրային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ 8 տասնամյակների ընթացքում համալսարանը երկրին տվել է ավելի քան 116 հազար շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը` Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ Համալսարանն ունի ավագ դպրոցներ Երևանում և մասնաճյուղերում, որոնց նպատակն է ի հայտ բերել առավել օժտված երեխաներին` ապագա ինժեներներին` ապահովելով խորացված մինչ բուհական ուսուցում։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրը ՀԱՊՀ-ում իրականացվում է Քոլեջի միջոցով:

Համալսարանն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական ծրագրեր` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Համալսարանի մասնագիտացումների տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական, մագիստրոսական և հետազոտական մասնագիտություններով, որոնք իրականացվում են Երևանի կրթահամալիրում և մասնաճյուղերում:

ՀԱՊՀ-ն ունի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժին, որտեղ հայերենով և անգլերենով իրականացվում է դասընթացներ օտարերկրացի ուսանողների համար:

Համալսարանում գործում են մի շարք օժանդակ կառույցներ և ծառայություններ` Լեզուների գիտակրթական կենտրոնը, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը, Գիտատեխնիկական գրադարանը, տպարանը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթը և այլն։

Ներկայումս Պոլիտեխնիկն ունի համագործակցության շուրջ 175 պայմանագրեր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր: Դրանք ֆինանսավորվում են տարբեր միջազգային գործակալությունների և հիմնադրամների կողմից, ինչպիսիք են՝ «Erasmus+»,  ESPAQ, «DOCMEN», «MARUEEB», «In­noCENS» և «eDrone»:

ՀԱՊՀ-ի ոչ ակադեմիական ակտիվ գործընկերների շարքում կարելի է առանձնացնել Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Autodesk, Magate, Chronimet Mining, Impex High Tech, Schneider Electric, Simens, Beeline, РосАтом, «Տաշիր Գրուպ» և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ և հաստատություններ:

Համալսարանը, արդեն երկար տարիներ հաջողությամբ մասնակցելով մի շարք գիտահետազոտական (INTAS, USAID, NATO Science, SCOPES, DAAD, FP, МНТЦ և այլն) ծրագրերի, սերտորեն անդամակցում է բազմաթիվ առաջատար արտասահմանյան բուհեր և գիտահետազոտական կենտրոններ միավորող կոնսորցիումների:

Հետազոտական ենթակառուցվածքը ներառում է մի շարք լաբորատորիաներ և գիտական խմբեր, որտեղ պետբյուջետային միջոցներով և միջազգային տարբեր դրամաշնորհների ֆինանսավորմամբ իրականացվում են տասնյակ հետազոտական նախագծեր։

ՀԱՊՀ-ն հատկապես կարևորում է դասախոսների և ուսանողների ներգրավումը հետազոտական գործունեության մեջ՝ դիտարկելով այն որպես ինժեներական կադրերի պատրաստման բարձր որակի երաշխիք և ուսուցման առավել արդյունավետ միջոց։ Համալսարանն առաջատար դերակատարություն ունի Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում։ ՀԱՊՀ-ն առաջինն էր հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ կիրառում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Այսօր համալսարանի ներսում ձևավորվում են ինստիտուտներ: Մեջբերելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու. Սարգսյանի՝ ՀԱՊՀ-ում ձևավորվող ինստիտուտների վերաբերյալ ելույթը, նշենք, որ ինստիտուտների ձևավորումը ոչ թե ընդհանուր առմամբ մեծ ֆակուլտետի ձևավորում է, այլ խոսքը կառավարման ապակենտրոնացման մասին է, երբ վերին մակարդակի կառավարման լիազորությունները պետք է փոխանցվեն ստորին մակարդակ՝ ինստիտուտ:

Ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն է։

Այսպիսով, համալսարանը զարգանում է ոչ միայն համաշխարհային փորձին համընթաց, այլև այն ստրատեգիական պլանով, որը տարիներ շարունակ դրված է եղել համալսարանի կառուցման հիմքում: