Պոլիտեխնիկը ընդունեց առաջին կուրսեցիներին

Պոլիտեխնիկը ընդունեց առաջին կուրսեցիներին

Սեպտեմբերի 1-ը՝  2018-2019  ուսումնական տարվա սկիզբը և Գիտելիքի ու դպրության օրը նշվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի հարակից պուրակում։ Պոլիտեխնիկի առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, պրոռեկտորներ Ռ. Աղգաշյանը, Կ. Արզումանյանը, ՈՒԽ նախագահ Գ. Հարությունյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, առաջին կուրսեցիներ՝ հարազատների ու ընկերների ուղեկցությամբ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ։

Միջոցառումը սկսվեց գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով: Միջոցառումը վարում էր Պոլիտեխնիկի ՏՀՏ և Է ինստիտուտի ուսանողուհի Աստղիկ Մարգարյանը, ով ամփոփ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը՝ ամբիոնի մոտ հրավիրելով ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Ողջունելով և նոր ուսումնական տարվա առթիվ  շնորհավորելով բոլորին՝ Ո. Մարուխյանը բարի գալուստ մաղթեց առաջին կուրսեցիներին։ «Հիմնադրման 85-րդ տարին թևակոխած հաստատության, հանրապետության տեխնոլոգիական կրթության առաջատար Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ղեկավար կազմի կողմից ընդունեցեք ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ պոլիտեխնիկական հանրույթին անդամագրվելու նշանակալից իրադարձության կապակցությամբ: Դուք անդամն եք մի հաստատության, որը մեր երկրի պատմության մեջ թողել է անդառնալի հետք և ունի ընդգծված դրական ազդեցություն ոչ միայն ինժեներական կադրերի պատրաստման գծով, այլև իր այն շրջանավարտներով, ովքեր հասարակական, պետական, քաղաքական  ոլորտներում ունեն իրենց հաստատուն դերակատարությունը Բարով եք եկել», – ասաց Ո․Մարուխյանը։

Ռեկտորը առաջին կուրսեցիներին ներկայացրեց արմատական բարեփոխումների գործընթացը, խոսեց ուսանող-գործատու հարաբերումների մասին։

Եզրափակելով խոսքը՝ ռեկտորը Պոլիտեխնիկի նորաբնակներին մաղթեց ուսանողական առլեցուն կյանք, անամպ և խաղաղ երկինք։

Ուսանողներին ողջունեց նաև ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։ «Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով կանաչ ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ում վստահված է ինժեներների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ` իրենց շնորհակալ աշխատանքում», – ասաց Գ.Հարությունյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ Կարինե Թումանյանը: Նա ուսանողներին մաղթեց լավ ուսումնառություն և վստահեցրեց, որ միշտ կլինեն բոլոր ուսանողների կողքին, որպեսզի նրանք ոչ մի օր չփոշմանեն ճարտարագետի բարձր կոչումը ընտրելու համար:

Միջոցառման ավարտին մասնակիցները ունկնդրեցին Պոլիտեխնիկի օրհներգը։

Հանդիսության ավարտին հայտարարվեց այն լսարանների համարները, որտեղ առաջին կուրսեցիները հանդիպումներ պետք է ունենան իրենց ֆակուլտետների/ինստիտուտների ղեկավար կազմի հետ։

Տեղեկացնենք, որ այսօր Գործարկվել է առաջին կուրսեցիների համար նախատեսված էլեկտրոնային ուղեցույցը: Այն պոլիտեխնիկցիներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու առաջին կուրսեցիներին անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն: Հարթակում կարելի է գտնել բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և մշակութային կյանքին վերաբերող ցանկացած տեղեկատվություն: