Կրթական պարգևներ և մրցանակներ

Կրթական պարգևներ և մրցանակներ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում գործում են ուսման վարձի փոխհատուցման տարաբնույթ հնարավորություններ` ըստ ուսանողի սոցիալական կարգավիճակի և առաջադիմության:

Համալսարանում գործող ուսանողական նպաստները ձևակերպվում և տրամադրվում են 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:

Ուսանողական բոլոր տեսակի զեղչերից օգտվելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր կիսամյակ՝ նախապես սահմանված ժամանակահատվածում: Դիմումների քննարկումը կազմակերպվում է Ընդունող հանձնաժողովի կողմից:

Հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատած ուսանողի կարգավիճակի վերականգնման դեպքում պահպանվում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է՝

  1. մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով,

2. օրենքով նախատեսված սոցիալական խմբերում ընդգրկված անձանց՝ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող ան­ձանց,

3. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, զոհված զինծառայողի երեխա ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝ < 5 – 50 տոկոսի չափով, 5-10 – 60 տոկոսի չափով, 10-15 – 70 տոկոսի չափով, 15-20 – 80 տոկոսի չափով, > 20 – 100 տոկոսի չափով:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է բուհին:

Համալսարանում գործում են նաև անվանական կրթաթոշակներ, որոնք տրվում են այն ուսանողներին, ովքեր դրսևորում են գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և պատշաճ վարքագիծ:

Համալսարանում կան հետևյալ անվանական կրթաթոշակները՝ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրա­նիկ Մարգարյանի (Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ),  հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974- 1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), Հայաստանի Ազգային հերոս (1999, հետ­մահու) Կարեն Դեմիրճյանի (Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ) և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտներ):

Համալսարանի ուսանողները կարող են օգտվել նաև կրթական հիմնադրամների տրամադրած կրթաթոշակներից, որոնցից մեկն է Հայ կրթական հիմնարկության «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները տարեվերջին հնարավորություն են ունենում մասնակցելու տարաբնույթ ուսանողական, կրթական մրցանակաբաշխությունների թե կրթության ու գիտության և թե ուսանողական ինքնակառավարման ոլորտներում:  Մրցանակաբաշխությունների նպատակն է խթանել ուսանողների հաջողությունները, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում ուսանողների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Պոլիտեխնիկցի ուսանողներն հնարավորություն ունեն մասնակցելու ՀՀ ԿԳ նախարարության «Լավագույն ուսանող», Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն», ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգև և այլ տեղական ու միջազգային մրցանակաբաշխությունների: