Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մանանդյան թիվ 36 հասցեում տեղակայված Քոլեջի բակն այսօր մարդաշատ էր: Ամենից ավելի հուզված էին օրվա հերոսները՝ առաջին կուրսի ուսանողները: Քոլեջում փոքրիկ հանդիսություն էին կազմակերպել սեպտեմբերմեկյան գեղեցիկ տոնի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Էլբակ Էլբակյանը, փոխտնօրենները, ամբիոնների դասախոսներ, ուսանողների ծնողները, հարազատները:
Տոնական հանդիսությունը սկսվեց Հայաստանի օրհներգով: Ելույթ ունեցան ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, տնօրենի պաշտոնակատար Է. Էլբակյանը: ՀԱՊՀ պրոռեկտորն իր շնորհավորական ելույթում առաջին կուրսեցիներին մաղթեց աշխատասիրություն, կամք ու համառություն, որպեսզի իրենց բոլոր նպատակները կարողանան իրականություն դարձնել և որ քոլեջում գտնեն իրենց լավագույն ընկերներին:
Է. Էլբակյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին, իր խոսքում նշեց.
«Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը մեր ուսանողների համար լինի գիտելիքի ձեռքբերման, աշխարհճանաչման և ինքնադրսևորման ժամանակաշրջան:
Մաղթում եմ ձեզ առողջություն, կրթական և գիտական նորանոր բարձունքների նվաճում, ապագայի նկատմամբ լավատեսություն, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ մեր հասարակության և ի շահ մեր պետության:»,-ասաց Է. Էլբակյանը:
Քոլեջի 500 ուսանողներին այս տարի ավելացավ ևս 178-ը։ Այս տարի ևս 19 տարեկան դիմորդները քոլեջներում, այդ թվում նաև ՀԱՊՀ Քոլեջում, հնարավորություն ունեն սովորել անվճար հիմունքներով։ Պոլիտեխնիկական Քոլեջի 9 մասնագիտությունների համար այս տարի տրվել է 166 անվճար՝ պետպատվերով տեղեր։ Ուսումը Քոլեջում շարունակելու համար ապագա ուսանողների մեջ բավական համառ մրցակցություն է եղել․ բոլոր 9 մասնագիտություններում: Քոլեջում այս տարի առավել վարկանիշային է եղել Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությունը։ Հատկացված 50 տեղի համար պայքարել է մոտ 209 դիմորդ։