Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սեպտեմբերի 1-ը՝ աշնան առաջին և Գիտելիքի ու դպրության այս գեղեցիկ օրը ձեզ համար առանձնահատուկ իմաստ է ստանում, քանի որ դուք այսօրվանից անդամագրվում եք Հայաստանի տեխնոլոգիական կրթության առաջատար 85-ամյա Պոլիտեխնիկին, լավագույն ավանդույթներով հարուստ մի կրթօջախի, որը հայտնի է նաև մեր պետական ու հասարակական կյանքում ունեցած իր էական դերակատարությամբ:

Պոլիտեխնիկական համալսարանն իր բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն ի սպաս է դնում` ձեզ տալու բարձրամակարդակ բուհական կրթություն, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և հմտություններ:

Ձեր տրամադրության տակ են Ազգային ինժեներական լաբորատորիաների համալիրը, գերազանցության երկու ժամանակակից կենտրոնները, Օդային ռոբոտատեխնիկայի նորաստեղծ կենտրոնը, Ինովացիոն հարթակը:

Այսօր դուք մուտք եք գործում մի հաստատություն, որը շարունակում է արմատական բարեփոխումների գործընթացը, և լիահույս եմ, որ ձեր նպաստը կբերեք այդ գործին՝ դառնալով մեր հաստատության հարյուր հազարավոր շրջանավարտների արժանի հետևորդներն ու լավագույն ավանդույթների շարունակողը, լավագույնս կօգտագործեք եղած հնարավորությունները և անդամագրվելով պոլիտեխնիկական հանրույթին՝ բարձր կպահեք Պոլիտեխնիկի վարկանիշն ու հեղինակությունը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, բոլոր աշխատակիցների և ռեկտորատի անունից շնորհավորում եմ սեպտեմբերմեկյան տոնի և ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ:

Բարով եք եկել: