Էլեկտրոնային ուղեցույց Պոլիտեխնիկի առաջին կուրսի ուսանողների համար

Էլեկտրոնային ուղեցույց Պոլիտեխնիկի առաջին կուրսի ուսանողների համար

Գործարկվել է առաջին կուրսեցիների համար նախատեսված էլեկտրոնային ուղեցույցը, որը պատրաստել է «Պոլիտեխնիկ» ուսանողական ծրագրավորման թիմը:

«Կլինի երկու շաբաթ, ինչ աշխատում ենք նախագծի վրա,-նշում է թիմի անդամ, ուսանող Վանո Մուրադյանը,-նպատակ ունենք առաջին կուրսեցիների համար անհրաժեշտ ողջ փաթեթը հավաքել մեկ տեղում: Ինքս եղել եմ առաջին կուրսեցի և գիտեմ այդ օրերի շփոթությունը, ինչ-որ բան գտնելու համար ժամերով ինտերնետում հոգնեցուցիչ և հիասթափեցնող փնտրտուք իրականացնելը»: Ըստ թիմի անդամի առաջին կուրսեցիներին առաջնային հետաքրքրում է իրենց մասնագիտության վերաբերյալ ամեն մանրուք, հետո արդեն ֆակուլտետի/ինստիտուտի և նոր միայն համալսարանի:

«Պոլիտեխնիկ» ուսանողական ծրագրավորման թիմի ղեկավար, ասպիրանտ Ջանիկ Սևոյանի խոսքով ուսանողներն առաջին հերթին ցանկանում են իմանալ թե ինչ հնարավորություններ է ընձեռելու իրենց սովորած յուրաքանչյուր առարկան: «Վճարովի ընդունվածները ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարող են անցնել անվճար կամ օգտվել վարձի զեղչի իրենց իրավունքներից, ոմանք ցանկանում են ստանալ այն բարձր կրթաթոշակները, որոնց մասին բազմիցս լսել են, մյուսներն էլ առաջին կուրսեցիների համար նախատեսված աշխատանք են փնտրում՝ միանգամից հաջող կարիերա ունենալու համար: Ահա բոլոր այն թիրախները, որոնք ներկայացված են ուղեցույցում»,- ասաց Ջ.Սևոյանը:

Էլեկտրոնային ուղեցույցը պոլիտեխնիկցիներին հնարավորություն կտա առցանց ծանոթանալու առաջին կուրսեցիներին անհրաժեշտ տեղեկատվությանը՝ բուհում սովորելու առանձնահատկություններին, ժամատախտակին, ուսանողական նպաստների ու կրթաթոշակների համակարգին և այլն: Հարթակում կարելի է գտնել բուհի պատմության համառոտ ակնարկը, համալսարանի կառուցվածքը, ուսումնական գործընթացին, գիտական գործունեությանը, ուսանողական և մշակութային կյանքին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

Աշխատանքներում մեծ ներդրում են ունեցել համալսարանի Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակիցները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել կազմելու մատչելի, թիրախային, ընկալելի տեղեկատվություն և այն ներկայացնելու առաջին կուրսեցիներին:

Համալսարանի ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը կատարված աշխատանքը համարում է անչափ կարևոր։ Ըստ նրա՝ ապրելով այնպիսի ժամանակներում, երբ էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտարկվելուց, նման էլեկտրոնային ուղեցույցների անհրաժեշտությունը առավել քան կարևոր է: «Յուրաքանչյուրն այսօր ցանկանում է իրեն հետաքրքրող ինֆորմացիան մեկ քլիկով ունենալ հենց իր գաջեթում: Այս ամենը ժամանակի և մեր երիտասարդության պահանջն է, սա աշխարհի նոր կարգն է: Ուրախ եմ, որ կարողանում ենք մեր ուսանողական թիմի հետ ստեղծել նման հարթակներ, որոնք կօգնեն առաջին կուրսեցիներին, առանց ժամանակի կորստի, արագորեն ընդգրկվել ուսանողական ակտիվ կյանքին և ավելի շատ ժամանակ հատկացնել մասնագիտության մեջ կայացմանը և ոչ թե ադմինիստրատիվ բնույթի ինֆորմացիայի որոնմանը», – նշում է Գ.Վարդանյանը և հավելում, – «Լինելով Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, «Պոլիտեխնիկ» ուսանողական ծրագրավորման թիմի հետ միասին ստեղծել ենք նաև առաջին համալսարանական` iPolytech հավելվածը, որն ուղղակի անհրաժեշտություն էր մեր դիմորդների համար, իսկ էլեկտրոնային ուղեցույցը նույն այդ հավելվածից օգտվող դիմորդների համար արդեն հաջորդ մակարդակն է՝ պոլիտեխնիկցու կոչումը նվաճելուց հետո»:

Էլ-ուղեցույցն ստեղծողները նաև հարցում են անցկացնելու օգտվողների հետ՝ հաջորդ տարիներին այն կատարելագործելու և նոր հնարավորություններ ու գործիքակազմ ավելացնելու համար:

«Այս ամենն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը, հուսով ենք՝ օգտվողները մեզ կօգնեն այն ավելի կատարելագործել»,- ասաց Վ. Մուրադյանը:

Ըստ թիմի անդամների՝ նման ուղեցույց ստեղծելուն նպաստել են նաև նոր կայքի ընձեռած հնարավորությունները: