Արդյո՞ք հայկական բարձրագույն կրթությունը հետաքրքրում է օտարերկրացիներին։ Հարցը հետաքրքրում է նաև վաչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում նշում էր, որ նման հետաքրքրություն կա միայն բժշկական համալսարանի նկատմամբ։ Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուրի» եթերում Սոնա Հակոբյանը պարզել է, թե որքանով են արտասահմանցի ուսանողներին հետաքրքրում մեր մյուս ճանաչված բուհերը, այդ թվում նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Մեր բուհերը արտասահմանցի ուսանողներ ներգրավելու խնդիր իրոք ունեն՝ ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: Մինչդեռ կար ժամանակ, երբ իրենց բուհը արտերկրից ուսանողներ ունենալու հարցում չէր զիջում անգամ բժշկական համալսարանին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց պրոռեկտորը:
Մեծ թվով արտասահմանցի ուսանողներ էին սովորում բուհում նաև 2000-ականների սկզբներին: Նրանց թիվը հասնում էր 750-ի: Դրանից հետո, իհարկե, արտասահմանցի դիմորդների թիվը կտրուկ նվազեց, և ոչ միայն պոլիտեխնիկական համալսարանում: Բարեբախտաբար, վերջին տարիներին միջազգային գործընկերների հետ հարաբերությունները նորից սկսել են վերականգնվել և դարձյալ աշխատանքներ են տարվում արտասահմանցի ուսանողներ ներգրավելու ուղղությամբ՝ ասում է Ռուբեն Աղգաշյանը:
Ներկայումս Պոլիտեխնիկն ունի համագործակցության 175 պայմանագիր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր՝ պնդում է պրոռեկտորը: