Տեխնոլոգիական կրթություն՝ տեխնոլոգիական Քոլեջում

Տեխնոլոգիական կրթություն՝ տեխնոլոգիական Քոլեջում

Այստեղ սովորելը բարդ, սակայն հաճելի ու բավականին հետաքրքիր է. ուսանողը գիտի՝ իրեն կրթում են լավագույն մասնագետները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջն ինժեներ-մասնագետների կոփման դարբնոցն է: Տեխնոլոգիական Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը հպարտորեն է նշում է, որ տեխնիկական գիտելիքները հղկում են մարդուն, հետևաբար, եթե նույնիսկ քոլեջի շրջանավարտներն ուսումը չեն շարունակում նույն ոլորտում, միևնույնն է, նրանք արդեն ինժեներ են, և առանձնանում են իրենց ինժեներական մտածողությամբ:

Քոլեջի՝ հաջողության գրավականը տեխնիկական կրթությունն է, եղածով չգոհանալն ու տեղում երկար ժամանակ կանգ չառնելը, այլապես այսօրվա ինովացիաներով հարուստ կյանքում կարող է ուսումնական հաստատությունը դուրս մնալ ժամանակի հոսքից, իսկ բազմաթիվ ու բազմազան նորարարական կրթական գործիքակազմերը գալիս են լրացնելու նորարարական մեթոդներով հագեցած դասապրոցեսը:

«Վարպետաց դասեր,- այսպես է բնութագրում Էլբակ Էլբակյանը իրենց մոտ անընդմեջ տեղի ունեցող հանդիպումները,- մենք կարևորում ենք ոլորտում հաջողություններ ունեցած մարդկանց հետ հանդիպումներն ու իրենց հաջողության գաղտնիքը սաների հետ կիսելը»:

 


 

Քոլեջի հաջողությունների մասին է փաստում նաև ընդունելության մրցույթը: Նախորդ տարի 185 տեղի համար դիմել էր 352 աշակերտ: Իսկ այս տարի, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր քոլեջներում 25%-ով տեղերի թիվը նվազել է, Պոլիտեխնիկի Քոլեջում այն կազմել է 10%, այնուամենային դիմորդների թվաքանակը կազմել է ավելի քան 500 աշակերտ, ինչը նշանակում է, որ մրցույթի գործակիցը այս պահին ավելի քան 3 միավոր է:

«Միջին մասնագիտական կրթական համակարգում Պոլիտեխնիկի Քոլեջն այսօր բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից  է, և դա ամենօրյա ազնիվ և բարեխիղճ աշխատանքի արդյունք է: Նախկինում ևս Քոլեջն ունեցել է նույն հնարավորությունները, ինչ այսօր, սակայն, լիարժեք չի օգտագործել:  Երբ Քոլեջի ուսանողը գիտակցում է, որ Պոլիտեխնիկի ողջ նյութատեխնիկական բազան կարող է նաև ինքն օգտագործել, բնականաբար, ոգևորվում է: Մենք նույն այդ լաբորատորիաները փորձում ենք օգտագործել հնարավորինս շատ՝ ավելի բանիմաց մասնագետներ պատրաստելու նպատակով: Դրան զուգահեռ, Քոլեջում այժմ գործում են ներքին կարգապահական կանոններ, որոնք աշխատում են առանց շեղումների: Քոլեջը հնարավորինս ապահովում է մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով: Կարծում եմ Քոլեջի վարկանիշի բարձրացման հիմնական պատճառները սրանք են»,- հավելեց Է.Էլբակյանը:

Քոլեջի նպատակն է ապահովել որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն: Այստեղ ձևավորված է սովորելու և մշտապես կատարելագործվելու առողջ միջավայր: Քոլեջն առաջարկում է համակցված ծրագրեր, որոնք զարգացնում են սովորողի տրամաբանական, ստեղծագործական և վերլուծական մտածողությունը, խթանում թիմային աշխատանքի ունակությանը:

Միջազգային արդյունավետ կապերի շնորհիվ Քոլեջը բարձր հեղինակություն է վայելում նաև մեր երկրի սահմաններից դուրս, իսկ շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև հաղորդակցվելու ոլորտի առաջավոր փորձին՝ զարգացնելով գործնական կարողություններն ու հմտությունները:

Շնորհիվ ուսանած մրցունակ գիտելիքների ու հմտությունների՝ քոլեջի շրջանավարտները ոչ միայն կարճ ժամանակում աշխատանք են գտնում, այլև հրաշալի հնարավորություն ստանում արտոնյալ պայմաններով շարունակել ուսումը Պոլիտեխնիկական համալսարանի բակալավրական կրթական ծրագրի 2-րդ կուրսում, ստանալ բակալավրի, մագիստրոսի որակավորումներ, իսկ նրանցից լավագույնները` նաև տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսարանի բազմափորձ դասախոսները: Քոլեջի ուսանողներն օգտվում են համալսարանի կրթական ծրագրերում սովորող ուսանողների բոլոր իրավունքներից: Շրջանավարտներին տրվում է համապատասխան մասնագիտության գծով տեխնիկի որակավորում:

Քոլեջում մի շարք մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 650 ուսանող: