Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մասնակցում է ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. Նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՀԱՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններից մեկում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։
Ծրագրի նպատակն է ձևավորել վերապատրաստողների խումբ, որը կտիրապետի դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից մեթոդներին` ձեռք բերած փորձը հետագայում ՀԱՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 11 ՀԱՊՀ դասախոս։
Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համապատասխան հանձնաժողովի կողմից։ Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխհատուցվելու են PRINTeL նախագծի միջոցներից։
Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`
- ՀԱՊՀ հիմնական աշխատող,
- տարիքը` մինչև 50,
- անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),
- տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտություններ
- պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վերապատրաստելու առնվազն տասը ՀԱՊՀ գործընկեր դասախոսների, ինչի մասին թեկնածուի, ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման (ՇԿ և ԴՎ ) կենտրոնի և նախագծի ղեկավարի միջև կնքվելու է համապատասխան համաձայնագիր:
Հավասար պայմանների առկայության պարագայում առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ովքեր արդեն դասավանդել կամ դասավանդում են ՀԱՊՀ ՇԿ և ԴՎ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գործունեությունը առնվազն 2 (երկու) տարի։
Դիմում-հայտերը պետք է ներկայացնել ՇԿ և ԴՎ կենտրոն և առցանց լրացնել էլեկտրոնային ձևաթերթը հետևյալ հասցեով https://goo.gl/forms/niCcmbztyUEc60HJ3 մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը ներառյալ։
Մրցույթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 10-12-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 15-ին։
Հարցերի համար դիմել ՀԱՊՀ պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանին (ներքին հեռ․ 6-36)։
Erasmus+ «PRINTeL» նախագծի ՀԱՊՀ թիմ