ՀՀ նախագահը կարևորեց Պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաների աշխատանքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առումով

ՀՀ նախագահը կարևորեց Պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաների աշխատանքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առումով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:  Նախագահը շրջայց կատարեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնա-հետազոտական նորաբաց կենտրոնում, որտեղ ուսանողները ցուցադրեցին անօդաչու թռչող սարքերը և դրանց հնարավորությունները:

Այնուհետև ՀՀ նախագահը ծանոթացավ «Տաշիր Կասկադ հոլդինգ» և «Շնայդեր Էլեկտրիկ-Տաշիր»  գերազանցության կենտրոնների աշխատանքին: Ուսանողները նախագահին ներկայացրեցին էլեկտրաէներգետիկական համակարգերի կառավարման սարքերը, ինչպես նաև հաշվիչները, ստուգիչ և չափիչ սարքերը:

Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիայում նախագահին ծանոթացրին արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում:

Լրագրողների հետ զրույցում  նախագահը նշեց, որ Հայաստանում կան այն հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է ապագա կառուցել:

«Ես առիթ ունեցա տեսնելու  այն, ինչ մտածում և երազում ենք մի քանի տարի անց Հայաստանի մասին: Այսօր Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում դրա բոլոր նախադրյալները կան: Կան ուսանողներ, ովքեր ճիշտ  մասնագիտություն և ճիշտ  գիտելիքներ են ստանում, կա դասախոսական կազմ, ովքեր ուսանողներին պատրաստում են, և կան այս շենքում խոշոր միջազգային  կազմակերպություններ: Ուսանողները զբաղված են լուրջ կրթական պրոցեսով և գիտահետազոտական աշխատանքով: Այստեղ այցելելով՝ տեսնում ես, որ երիտասարդների մի մեծ զանգված ցանկություն ունի  ինժեներական ժամանակակից մասնագիտություն ստանալ, որ Հայաստանում կան  այն հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է  ապագա կառուցել: Հետևաբար,  սա ինձ համար ինչ-որ իմաստով  փոքրիկ այցելություն էր դեպի ապագա»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ որպես պաշտոնյա և անհատ, ով ունի որոշակի  արտաքին կապեր միջազգային կազմակերպություններում, պատրաստ է աջակցել ուսանողներին:

«Մի քանի գաղափարի մասին խոսեցին ուսանողները, և իմ  խնդիրն է լինելու  օգնել և աջակցել նրանց, որպեսզի նրանք իրենց առջև դրված նպատակներին ժամանակին հասնեն, և մեր երկիրը դառնա այնպիսին, ինչպիսի երկրի մասին  երազում ենք»,- եզրափակեց Սարգսյանը: